Ինչ սահմանափակումներ են գործելու հիպոթեքային վարկ վերցնելիս եկամտահարկի վերադարձի դեպքում
Հիպոթեքային վարկ ստանալու համար եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամտային հարկին վերաբերող փոփոխությունները:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2014 թվականի նոյեմբերից հետո հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար՝ վարկառուն ազատվում է բանկին տոկոսներ վճարելու պարտավորությունից՝ ի հաշիվ աշխատավարձից և այլ եկամուտներից պետական բյուջե վճարված հարկերի:
«Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում: Կարծում ենք, որ մենք պետք է կենտրոնանանք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն՝ իրավական նորմը պետք է օգնի հասարակության այն խավին, որոնք սոցիալական խնդիր ունեն լուծելու: Դրա համար առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ»,- ասաց Դավիթ Անանյանը:
Այսպիսով, առաջարկվում է երեք սահմանափակում: Առաջինը՝ օրենքով ամրագրվում է, որ եկամտային հարկը կվերադարձվի, եթե գնվող բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամի շեմը:
Երկրորդ սահմանափակումը վերաբերում է եկամտային հարկի վերադարձման չափին, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը:
«Որպես սահման է ընդունվել եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը: Դա նշանակում է, որ վերադարձվող եկամտահարկը ամսական կարող է լինել 500 հազար դրամից ոչ ավելի՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները: Դա համարժեք է վարկառու անձի կամ անձանց համար ամսական 1,6-1,7 մլն դրամի եկամտին: Այսինքն՝ եթե ամուսիններից յուրաքանչյուրն ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այդ սահմանափակումը կգործի»,- ասաց Դավիթ Անանյանը:
Երրորդ սահմանափակումն էլ այն է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։
«Եթե անձը որոշել է իր եղբոր կամ քրոջ համար հանդես գալ որպես համավարկառու, ապա չի կարող իր համար որպես վարկառու օգտվել այս հնարավորությունից: Միգուցե մեզ կարող են մեղադրել, որ կոշտ գործիք ենք օգտագործում, բայց պետությունն ասում է, որ միայն մեկ անգամ կարող եմ օգնել, քանի որ խոսքը սոցիալական բաղադրիչի մասին է, իսկ երկրորդ կամ երրորդ անգամն արդեն նշանակում է, որ սոցիալական բաղադրիչից գնում ենք բիզնես բաղադրիչ»,- ասաց Դավիթ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան