Կճանաչի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածքային ամբողջականության սկզբունքը որպես ադրբեջանական մշակութային ժառանգության մաս
«Կրկնությունը գիտության մայրն է» ասույթը Ադրբեջանում ընկալվում է թերևս ամենաուղիղ իմաստով և փութաջանորեն կիրառվում է հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Տեխնիկան պարզ է․ վերցնում են որևէ միտք, որին հավանություն է տվել օրվելյան լեզվով ասած ադրբեջանական «Ճշտի նախարարությունը», և այնքան են կրկնում, որ նախ սկսում են դրան հավատալ, ապա այդ միտքը դառնում է համոզմունք ու մի օր էլ՝ իրականության մաս կազմող փաստ։ Ու բացարձակ կապ չունի այդ միտքը ճիշտ է, թե սխալ։
Այս մոտեցումը ադրբեջանական ղեկավարությունը լավագույնս օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերբարերյալ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ միջազգային հանրային կարծիք ձևավորելու փորձերում։ Կան ԼՂ հակամարտության վերաբերյալ մի քանի ադրբեջանական «մանտրաներ», որոնք արդեն բոլորն անգիր գիտեն, և որոնք անընդհատ կրկնվում են՝ անկախ համատեքստից, տեղից ու վայրից։ Հասկանալի է, որ ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ Ադրբեջանն ունի իր հստակ դիրքորոշումը, բայց դրա որոշ տարրերի մեխանիկական կրկնությունը, ընթացիկ զարգացումների նկատմամբ անհաղորդ մոտեցումը, մաքսիմալիստական ձգտումները, տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանն ապրում է զուգահեռ աշխարհում, և ինքն է դարձել իր պրոպագանդայի առաջին զոհը։
Վերջին օրինակներից է դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ելույթը, որը Հայաստանի իր գործընկերոջ խոսքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ֆոնի վրա թվում էր, մեղմ ասած, ժամանակավրեպ։
Համանախագաները, ինչպես նաև Հայաստանը ընդգծում են, որ հակամարտության լուծման համար հիմք են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:
Իսկ Ադրբեջանը կրկին խոսում է 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից ու առանձնացնում տարածքային ամբողջականության սկզբունքը։ Համանախագահները և Հայաստանը խոսում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ, իսկ Ադրբեջանը կրկնում է տարածքային ամբողջականության թեզը և հղում կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուսափում է որևէ կերպ հավանության տալ այն մտքին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում ընկած է նաև ինքնորոշման իրավունքը, և տարածքային ամբողջականության սկզբունքի անվերջ կրկնությամբ փորձում է փոխել իրողությունը։
Ներկայիս միջազգային հարաբերություններում տարածքային ամբողջականության սկզբունքը ավելի մեծ աջակցություն է վայելում, քան ինքնորոշման իրավունքը, թեպետև ֆորմալ առումով այս երկու սկզբունքները հավասար են և որևէ հիերարխիա չկա։ Չնայած ուկրաինական ճգնաժամին, ապա նաև քրդական ու կատալոնական հանրաքվեներից հետո ինքնորոշման սկզբունքի նկատմամբ անբարեհաճ մոտեցումները գերակայող դարձան Եվրոպայում, այդուհանդերձ Հայաստանին հաջողվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ոչ միայն պահպանել ինքնորոշման սկզբունքը, այլ նաև ամրագրել այն ԵՄ հետ իրավական ուժ ունեցող պայմանագրում։
Տարվա ընթացքում եղան նաև պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին սատարող բազմաթիվ հայտարարություններ, որոնք աջակցում են հակամարտության կարգավորմանը վերոնշյալ երեք սկզբունքների հիման վրա։ Արժանահիշատակ է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նոյեմբերի 30-ի հայտարարությունը։
Ընդունվեցին նաև փաստաթղթեր, որոնցում հակամարտությունների կարգավորման հարցում կարևորվեց միայն տարածաքային ամբողջականության սկզբունքը։ Վերջին օրինակներից՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նոյեմբերի 29-ի հռչակագիրը։
Այդուհանդերձ, փաստն այն է, որ 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրությունից հետո Ադրբեջանը որևէ քաղաքական կամ դիվանագիտական հաջողություն չունեցավ, ինչքան որ տարբեր հարթակներում շարունակաբար կրկնեց տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորությունը։ Ադրբեջանը պետք է ճկունություն դրսևորի, և այս ու այն ամբիոնից «հայկական ագրեսիայի» զոհի դիրքերից հանդես գալու փոխարեն խոհեմ կգտնվի, եթե դիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Տոլմայից ու քամանչայից հետո գուցե տարածքային ամբողջականության սկզբունքը և դրա վերականգման ուղղված ջանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս կճանաչի Ադրբեջանի մշակութային ժառանգության մաս և այդ կերպով կբավարարի ալիևյան կլանի սնափառությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան