«ՍԱՍ»-ի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունը լուրջ բաց ուներ. Դավիթ Հարությունյան
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս պետք է հստակ տարանջատել երեք տարբեր հատվածներ՝ հակակոռուպցիոն աշխատանք, պատժիչ գործողություններ և կանխարգելում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ կանխարգելումն ամենակարևոր հատվածն է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել. «Հենց այս հատվածն է, որ մենք վերջին մեկուկես տարում էական փոփոխություններով կարողացանք առաջ տանել: Դրանք գործիքներ են, որոնց արդյունքը միանգամից չի երևում, բայց իրականում ամենաարդյունավետն ես։ Այս տարի իշխանությունները կոռուպցիայի դեմ կանխարգելման գործում կարևոր մի քանի քայլ կատարեցին՝ ապօրինի հարստացման քրեականացում, գույքի, եկամուտների հայտարարագրերում ներկայացված անձանց շրջանակի կտրուկ ընդլայնում, ազդարարների համակարգի ստեղծում: Ես կարող եմ բավական երկար թվարկել այն քայլերը, որոնք մենք կատարել ենք այս տարի, որոնք բոլորն էլ ուղված են կանխարգելմանը»։
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ապրիլին ստեղծվող հակակոռուպցիոն մարմինն ունենալու է կարևոր առաքելություն և շարունակելու է կանխարգելման աշխատանքները, հանրային կրթությունը:
Լրագրողների հարցին, թե հանրությունն ամեն դեպքում սպասում է որ պատասխանատվության ենթարկվեին մարդիկ օրինակ՝ «ՍԱՍ»-ի ձայնագրության կամ տնօրենների կողմից ձայներ հավաքագրելու գործի համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես թվարկում եմ, թե ինչ քայլեր է կատարում կառավարությունը: «ՍԱՍ»-ի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որն էլ հնարավորություն չընձեռեց նման դեպքերում, թեև ինքս համարում եմ նման դեպքերն անթույլատրելի, կատարել քրեական իրավունքով նախատեսված քայլեր: Նման դեպքերում կառավարությունը պետք է անմիջապես մշակի այնպիսի փոփոխություն, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի: Մենք այս փոփոխությունն արել ենք և ներկայացրել ենք, որ ցանկացած անձ՝ օգտագործելով իր աշխատանքային կամ այլ հարաբերությունները, պարտադրել է մասնակցել քարոզչությանը, կամ հակառակը ձեռնպահ մնալ քարոզչությունից, դիտարկվի որպես քրեական արարք: Սա հենց այն քայլն է, որը ցույց է տալիս թե քաղաքական կամքը, թե ձեռնարկված էական քայլը»։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս հոդվածի ներմուծումից հետո վիճակը էապես փոխվելու է, երբ մարդիկ իրենց աշխատակիցների աշխատանքային կախվածությունն օգտագործելով, հանձնարարում են իրականացնել այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն։
Նա հայտնեց, որ այդ փոփոխությունը «ՍԱՍ»-ի գործի վրա չի ազդի, քանի որ այն չունի հետադարձ ուժ:
Ինչ վերաբերում է ընտրություններին՝ նախարարի կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացության մասին խոսելով, Հարությունյանն ասաց. «Ես համաձայն եմ, որ ցանկացած նման դեպք ստվերում է ընտրությունները: Դրանով են պայմանավորված այն քայլերը, որոնք մենք հիմա կատարում ենք: Ոչ: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական են ընթանում։ Թերությունները նշվում են հենց նրա համար, որ մենք կենտրոնացնենք մեր ջանքերը դրանք շտկելու համար»,- եզրափակեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «ՍԱՍ»-ի ձայնագրության բոլոր անձինք հարցաքննվել են, ինչպես նաև Արտակ Սարգսյանի եղբայրը. Գլխավոր դատախազ
- «ՍԱՍ գրուպ»-ի ձայնագրությունների վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հաուցվել
- Փաստաբան. «ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին