Դինքի սպանողներին ազատ արձակելով՝ Թուրքիան շահում է ազգայնականների բարեհաճությունը. թուրքագետ
Դատարանի դահլիճից ազատ արձակելով Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 5 ժանդարմներին՝ թուրքական իշխանություններն ապացուցեցին, որ ամեն կերպ փորձում են շահել ազգայնականների բարեհաճությունը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ ժանդարմերիայի ազատ արձակված բոլոր 5 ներկայացուցիչները ազգայնական կուսակցության ներկայացուցիչներ են։
«Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջերս կոալիցիոն հարաբերությունների մեջ մտավ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Իսկ այս կուսակցությունը, ինչպես հայտնի է, պարբերաբար ակցիաներ է կազմակերպում Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի դեմ։ Այժմ Թուրքիայի իշխող կուսակցությունը փորձում է շահել ազգայնականների սիրտը, քանի որ իշխանության վերին օղակներում բավական լուրջ խմորումներ են հասունանում՝ կապված իշխանության պահպանման հետ»,- նշեց թուրքագետը։
Մուշեղ Խուդավերդյանի խոսքով, թուրքական դատարանների ամենաթողությունը կարող է ավելացնել առանց այդ էլ մշտապես պահպանվող վախի մթնոլորտը, որ առկա է Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների շրջանում։
«Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավորները՝ Սելինա Դողանը և Կարո Փայլանը, մշտապես բարձրաձայնում են փոքրամասնությունների նկատմամբ ազգայնականների ճնշումների մասին։ Չնայած սրան՝ ողջ պատմության ընթացքում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը մշտական բնույթ է կրել։
Ճնշումներն ի վերջո հանգեցրեցին նրան, որ 1970-ականներին Թուրքիայում ստեղծվեց Քրդական բանվորական կուսակցությունը, որը մինչ օրս ահաբեկչական գործողություններ իրականացնելով՝ փորձում է թուրքական իշխանությունների ուշադրությունը հրավիրել քրդերի նկատմամբ ճնշումների վրա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
- Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան