Մնացականյան. Քաղաքական առաջնորդների կողմից այլատյացության խրախուսումը պետք է մտահոգիչ լինի
ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։
Դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դեկտեմբերի 9-ը որպես միջազգային օր հռչակելն իր մեջ խորհուրդ է պարունակում: Վերահաստատելով Կոնվենցիայի կարևորությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման արդյունավետ միջազգային գործիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69/323 բանաձևը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը փոխկապակցում է Կոնվենցիայի ընդունման օրվա հետ։
Զ. Մնացականյանը հավելել է, որ «անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասայական և էթնիկ խտրականությունը, ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու դրանց փառաբանումը, առավել ևս երբ դա խրախուսվում է քաղաքական առաջնորդների կողմից, պետք է մտահոգիչ լինի ողջ միջազգային հանրության համար և դիտարկվի, որպես վաղ ահազանգման միջոց»։
Նա հիշեցրել է Կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ դրա իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավ իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը, նշել է, որ Հայաստանը սատարում ու լիովին աջակցում է Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակի մեկամյա քարոզարշավին՝ ուղղված Կոնվենցիայի համընդհանուր վավերացմանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»
- Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան