Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի աճ է արձանագրվել. Գլխավոր դատախազ
«Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում անցած տարվա համեմատ արձանագրել ենք շոշափելի աճ՝ գրեթե բոլոր բաղադրիչներով»,- այս մասին այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա հայտնեց, որ 2017թ. առաջին 9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով 87 գործ՝ 142 անձի վերաբերյալ: 2016թ. նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ընդամենը 65 գործ՝ 128 անձի վերաբերյալ. աճը կազմել է 22 գործ, 14 անձ:
«Էականորեն աճել են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքերը։ Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն պաշտոնական գրանցումից գաղտնի մնալու, այսինքն լատենտայնության բարձր մակարդակ և այս տեսանկյունից նման դեպքերի աճը միայն կամ հիմնականում պայմանավորված է իրավապահ մարմինների գործադրած հետևողական ջանքերով»,- նշեց Արթուր Դավթյանը։
Նշենք, որ միջոցառման ընթացքում նաև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև։
Գլխավոր դատախազի ամբողջական ելույթը՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան