«ՍԱՍ»-ի ձայնագրության բոլոր անձինք հարցաքննվել են, ինչպես նաև Արտակ Սարգսյանի եղբայրը. Գլխավոր դատախազ
«Բավարար ապացույցներ չեն եղել, որևէ հանցավոր դրսևորումների մասին տեղեկություններ չեն պուրանակել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «ՍԱՍ»-ի ձայնագրության, «Զիբլիքիսի» կամ տնօրենների կողմից ձայներ հավաքագրելու դեպքով որևէ մեկը պատիժ չկրեց։
Գլխավոր դատախազի խոսքով՝ կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն:
«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ում պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել: Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,- նշեց Դավթյանը։
Լրագրողների հարցին, թե կարծում եք այդ գործերով քրեական տարրեր ի հայտ չեկա՞ն, նա պատասխանեց. «Ոչ թե կարծում եմ, այլ գործով ձեռքբերված տվյալները միանգամայն դրա մասին են վկայում: Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել»:
Դիտարկմանը, թե օրինակ «ՍԱՍ»-ի հրապարակված ձայնագրությունը հիմք չէ՞ գործ հարուցելու համար, Արթուր Դավթյանն ասաց. «Ձայնագրությունները կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված, ինքը կարող է ապացույց համարվել, կարող է չհամարվել»:
Հարցին, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ այդ ձայնագրությունը հիմք չէր պատժելու համար, նա պատասխանեց. «Քրեական գործով այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննվել են, հարցաքննվել են ներկա բոլոր անձինք, ինչպես նաև Արտակ Սարգսյանի եղբայրը»։
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ ձայնագրության առկայությունը կամ բացակայությունը այստեղ որևէ կապ չունի. «Պարզվել են բոլոր հանգամանքները և դրանք իրենց մեջ հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում»:
Հայկազ Բաղմանյանի ազատման մասին Գլխավոր դատախազի մեկնաբանությունը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը. ՀԺ
- «Ելք»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը. ՀԺ
- «ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
- «ՍԱՍ գրուպ»-ի ձայնագրությունների վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հաուցվել
- Փաստաբան. «ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության