«Խոշորացված համայնքների ընդհանուր բյուջեով թույլ բնակավայրերի խնդիրներն էլ են լուծվում»
Գյուղական յոթ բնակավայրի միավորման արդյունքում ձևավորված Տեղ համայնքը 5700 բնակիչ ունի: Դեկտեմբերի 9-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ խոշորացումից հետո արդեն անցել է մեկ տարի, ու թեպետ շատ էր նշվում խոշորացման հետևանքով աշխատատեղերի կրճատման մասին, բայց դրան զուգահեռ նաև նոր աշխատատեղեր են բացվում:
«Այս պահի դրությամբ աշխատատեղերն ավելի շատ կրճատվել են, բայց երկու-երեք ամիս հետո 18 աշխատատեղեր են ստեղծվելու, արդեն մանկապարտեզներ ենք վերաբացել, խմբակներ, նաև աշխատատեղեր են բացվել, կանոնավոր աղբահանություն ենք սկսել վեց բնակավայրերում, դրանք բոլորը աշխատատեղեր են»,- ասաց նա:
Շադունցը նշեց, որ իրենք ռազմավարություն են մշակել, վերհանված են համայնքի ուժեղ և թույլ կողմերը, վերլուծություններ են արել, և դրանով էլ ուղղորդվելու են: Խոշորացված համայնքի երկու բնակավայրում արդեն գազաթողարկում է կատարվել, բնակիչներն օգտվում են կապույտ վառելիքից, մանկապարտեզ է վերագործարկվել: Հարցին՝ արդյո՞ք այս ամենն անհնար կլիներ, եթե համայնքների խոշորացում չլիներ, նա արձագանքեց. «Ես չեմ կարող ասել՝ այդ դեպքում նման բան կլիներ, թե ոչ, բայց քսան տարի է՝ չէր խոշորացել: Դուք գտեք դրա պատասխանը»:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ներկայում պետք է նվիրվածություն ու ջանադիր աշխատանք, հարկավոր է մոնիթորինգ անել, իրավիճակի գնահատում, գտնել նպատակակետ ու գնալ դեպի այն: Համայնքում ներկայում կան բնակավայրեր, որոնք խմելու ջուր չունենք, բայց Շադունցը վստահեցրեց՝ այս պահի դրությամբ արդեն ծրագրեր ունեն մշակված, որպեսզի այդ հարցը լուծեն:
«Բնակչությունը միշտ սիրում է բողոքել, բայց երբ ասում ես՝ մասնակիցը դարձիր այդ գործի, նեղվում է դրանից: Կային բնակավայրերը, համայնքները, որտեղ բյուջեն մեծ էր, հիմա որ կենտրոնացել է, մի ընդհանուր բյուջե դարձել, դրա հաշվին թույլ բնակավայրերի կոմունիկացիաներն ենք սկսում վերակառուցել, մանկապարտեզները բացել»,- ասաց նա:
Շադունցը նշեց, որ առաջիկայում մոտ 260 միլիոն դրամի չափով դրամաշնորհ են ստանալու, մրցույթներ կհայտարարվեն, մանկապարտեզներում ու դպրոցներում արդեն շինարարություն է սկսվել, 18 միլիոն դրամի շրջանակներում մարդատար միկրոավտոբուսներ են ձեռք բերելու, որոնցով երեխաները կկարողանան գնալ հարևան բնակավայրերը, որտեղ նորմալ պայմաններում գտնվող մանկապարտեզներ կան:
Շադունցը վստահեցրեց՝ միջհամայնքային ու միջբնակարանային կապն ապահովվելու է, իսկ ավտոկայանատեղերի կառուցման համար կազմված նախագծով առաջիկա տասը օրվա ընթացքում մրցույթի կհայտարարվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան