«Համայնքների խոշորացմամբ մենք թվաբանության խնդիր չենք լուծում»
Հայաստանում համայնքների խոշորացման արդյունքները գոհացուցիչ են: Այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են ոչ թե այն նկատառումով, որ ոչ մի խնդիր չկա և ամեն ինչ շատ հարթ է, այլ այն առումով, որ բոլոր դժվարություններն ու խնդիրները նախապես կանխատեսվում էին, հնարավորինս գնահատվում և որոշակի գործիքակազմով դրանց արձագանքում էին:
«Մենք արդեն ունենք նոր ձևավորված 52 համայնքներ, որոնցում ընդգրկված էին շուրջ 450 նախկին համայնքներ, այսինքն՝ մենք 915 համայնքի փոխարեն հիմա ունենք 502 համայնքներ: Ես այլևս չեմ նշում՝ գյուղական-քաղաքային, որովհետև դրանցում ընդգրկված են ինչպես նախկին գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքներ: Սա միայն ձևի փոփոխություն չէր, այլև բովանդակության փոփոխություն»,- ասաց նա:
Տերտերյանի խոսքով՝ Դիլիջանում կազմակերպված Համայնքների խորհրդաժողովում իբրև առանցքային խնդիր դրված էր մի կողմից՝ վարչատարածքային փոփոխությունների արդյունքների, մյուս կողմից՝ ապագա անելիքների կամ ծրագրերի քննարկումը:
«Մենք ունեցել ենք համաչափ ընտրություններ, ունենք ձևավորված ՏԻ մարմիններ, այսինքն՝ ավագանիներ, ունենք համայնքի ղեկավարներ, արդեն իսկ ընթացքի մեջ են նրանց աշխատակազմերի ձևավորման և բնականոն աշխատանքային հունի մեջ մտնելու գործընթացները»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը 2018 թվական է մուտք գործում խոշորացված համայնքներով, նոր բյուջեներով և նոր ծրագրերով: Անդրադառնալով դժվարություններին՝ նա նշեց, որ կան աշխատակազմերի ձևավորման, դրանցում փոփոխություններ կատարելու հարցեր, որը նուրբ, զգայուն թեմա է՝ կապված մարդկանց վերապրոֆիլավորման, նոր հաստիքների, բայց դրանք բոլորը որոշակի հանդարտությամբ ու համաչափությամբ ընթանում են:
«Մենք որևէ տեղ որևէ մեծ պրոբլեմ չունենք, եթե նույնիսկ մեկ-երկու անհարթություններ կան, դրանք լուծելով առաջ ենք գնում: Մեր նպատակը, համենայն դեպս ծրագրային, 2018 թվականին վարչատարածքային բարեփոխումներն ավարտելն է: Մենք ռեֆորմում թվաբանական խնդիր չենք լուծում, և այս պահին ասել, թե քանի համայնք կունենանք, շատ դժվար է, կարելի է ուղղակի արձանագրել, որ մենք շուրջ 450 համայնքների խոշորացման արդյունքում ունեցել ենք 52 համայնք, այսինքն՝ 8-9 միջին միջին համայնք՝ մի համայնքում»,- ասաց նա:
Տերտերյանը, սակայն, նշեց՝ դա որևէ կերպ չի բացառում ունենալ 20-30 համայնք՝ մի դեպքում, 3 համայնք՝ մեկ այլ դեպքում, որովհետև այստեղ թվաբանություն չէ, այլ ամեն կոնկրետ դեպքում կոնկրետ մոտեցում է դրսևորվում:
Հարակից հրապարակումներ`
- «Խոշորացված համայնքների ընդհանուր բյուջեով թույլ բնակավայրերի խնդիրներն էլ են լուծվում»
- Կառավարության առաջարկած նոր մոդելով՝ համայնքներն ինքնուրույն են ֆինանսական միջոցներ հայթայթելու
- Քանի դեռ լուծված չէ համայնքի ենթակառուցվածքի խնդիրը, տնտեսական զարգացում չի լինի. Դավիթ Լոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան