Պատգամավորին պատժելու միակ տարբերակը նրա ներկայացրած ուժին չընտրելն է. Էդմոն Մարուքյան
«Աղքատության նման բարձր ցուցանիշ ունեցող երկրում նման վարքը, պահվածքը, հայտարարությունները, որևէ կերպ չեն կարող արդարացվել, ոչ քաղաքական, ոչ սոցիալ-հոգեբանական իմաստով»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին։
Պատգամավորի խոսքով՝ պետք է արձանագրել, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որևէ հայտարարության համար, եթե դա կոնկրետ անձի հասցեին զրպարտություն, վիրավորանք իր մեջ չի պարունակում։
«Տվյալ պարագայում հետապնդել պատգամավորին նման հայտարարությունների համար ես այդքան էլ տեղին չեմ համարում։ Կարծում եմ՝ դրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են ՀՀ քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով, թող տեսնեն ում են ձայն տալիս, պատգամավորի հետկանչման մեխանիզմը մեր երկրում հետևյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն, բայց բոլորս գիտենք ոնց են ձայն հավաքում։ Հիմա ինչ՝ գնալ ընտրել այդ մարդկանց, հետո նեղվել, որ այդպիսի հայտարարություններ են անում, դա էլ չի այդքան տեղին։ Երբ որ գնացել ընտրել են թաղի լավ տղուն, այ այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությունյանին, դրա հաշվին նա դարձել է պատգամավոր։ Դա պետք է իմանալ, հասկանալ, թող չընտրեին»,- նշեց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ պատգամավորը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին ու կա քաղաքացիների այնպիսի սեգմենտ, որ արտադրում է նման պատգամավորների։
«ՀՀԿ-ին ընտրած շատ գյուղացիներ դիմում են «Ելք»-ին, ասում են՝ մեր մոտ անտառ են կտրում, հանք են բացում ու օգնություն են խնդրում մեզնից, սակայն չենք կարող ոչնչով օգնել իրենց, որովհետև քարոզարշավի ժամանակ զգուշացրել էինք չընտրել նման մարդկանց։ Սրանք լավ արձանագրություններ են այն մասին, որ քաղաքացիները ընտրություններին ճիշտ մոտենան։ Սպասվող ՏԻՄ ընտրություններ էլ կան։ Պատգամավորին պատժելու միակ տարբերակը նրա ներկայացրած ուժին չընտրելն է, ուրիշ տարբերակ չգիտեմ»,- հավելեց «Ելք»-ի պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված նման հայտարարություն անել. Շարմազանով
- Առաջինը ՀՀԿ-ին է շահեկան, որ իրենց շարքերում Հակոբ Հակոբյանի նման մարդիկ չլինեն. քաղտեխնոլոգ
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը