«Մի փոքր նաիվ է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասել». քաղաքագետ
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է, որը թույլ է տալիս ոչ թե կտրուկ փոխել երկրի վիճակը, այլ՝ աշխատել, աստիճանաբար փոխել ինստիտուցիոնալ մթնոլորտը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ շատ ոլորտներ սկզբնական շրջանում կարող են չենթարկվել փոփոխություններին:
«Կան երեք երկրներ, որոնք նմանօրինակ համաձայնագիր են կնքել՝ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: Դրանք ուժի մեջ են մտել, բայց նշված երկրները Շվեյցարիա չեն դարձել: Այդպես չի լինում: Այս համաձայնագիրը հրաշք չէ, այլ ընդամենը շրջանակային փաստաթուղթ, որն ունի նորմատիվ բազա: Այնսպես որ, Եվրամիության հետ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասել, մի փոքր նաիվ է»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ կարգավորման բուռն գործընթացի հեռանկար չկա և չի կարող լինել:
«Հակամարտությունն այս պահին այն փուլում չի գտնվում, որ հնարավոր լինի ինչ-որ կտրուկ փոփոխություններ ակնկալել: Հաջորդ տարի հնարավոր են էսկալացիաներ, լայնածավալ պատերազմ, սակայն, չեմ ակնկալում: Ադրբեջանը կշարունակի մնալ իր դերի մեջ և անել այն, ինչ մինչ օրս արել է` բանակցությունները ուղեկցելով պարբերական էսկալացիաներով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը՝ բանախոսը նկատեց, որ արաբները օգտագործում են յուրաքանչյուր առիթ՝ հրեական պետության դեմ ցույց տալու արաբական աշխարհի միասնականությունը: Իրականում, սակայն, արաբական աշխարհի տեսակետներն արաբա-իսրայելական խնդրի հարցում շատ տարբեր են:
«Եթե ԱՄՆ շատ նախագահների քննադատում էին իրենց նախընտրական խոստումները չկատարելու համար, ապա Թրամփին քննադատում են դրանք կատարելու համար: Արևմուտքը դեմ է Միյացյալ նահանգների նախագահի որոշմանը, Արևմուտքը առավելապես ձախ կողմնորոշման է և հաճախ հակաամերիկյան տրամադրություններ է դրսևորում՝ ցուցաբերելով արաբամետ դիրքորոշում:
Հարակից հրապարակումներ`
- 5-րդ շարասյունը կարող է իրեն զգացնել տալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում. Արթուր Ղազինյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
- Գագիկ Մակարյանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո զգալի տնտեսական աճ կունենանք
- Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրն ու ժամը հայտնի է. «Ժամանակ»