Հայաստանում պարադահուկային մարզաձևերի մրցումներ կանցկացվեն
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն դեկտեմբերի 11-ին համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրով մեր երկրում սկիզբ է դրվում պարադահուկային մարզաձևերի մրցումների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանի գնահատմամբ՝ սա պատմական պահ է, հատկապես հաշմանդամություն ունեցող մարզիկների համար:
«Հունվարի 29-ին Հայաստանի լեռնադահուկային սպորտի բաց առաջնությանը զուգահեռ կանցկացնենք նաև պարալեռնադահուկային միջազգային մրցաշար: Դա կլինի մեր համատեղ առաջին միջոցառումը: Մրցաշարն ընդգրկված է Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Տեխնիկական պատվիրակ նշանակվել է միջազգային պարալիմպիկ կոմիտեի ձմեռային մարզաձևերի վարչության նախագահը»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ նաև սեմինարներ կանցկացվեն հայ մրցավարների համար:
Նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության հետ, նրանք կքննարկեն Հայաստանում պարադահուկային մարզաձևերի զարգացման հեռանկարները: Ըստ Սարգսյանի՝ Հայաստանը կարող է այն երկիրը հանդիսանալ, որը հետագայում կզարգացնի պարադահուկային մարզաձևերն ամբողջ տարածաշրջանում:
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ համագործակցություն վաղուց կար, պարզապես ցանկացան այն պաշտոնական հիմքերի վրա դնել: Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում է լուրջ միջազգային մրցաշար: Որպես ընդունող երկիր՝ Հայաստանը պետք է մասնակցի հաշմանդամություն ունեցող յոթ մարզիկով, թեպետ արդեն 12 մարզիկ են հավաքագրել այդ մրցաշարի համար:
Նախնական տվյալներով մրցաշարին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող լեռնադահուկորդներ Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Իրանից և Բուլղարիայից: Պարալիմպիկ կոմիտեում նախատեսում են համագործակցել նաև Հայաստանի մի շարք այլ մարզաձևերի ֆեդերացիաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան