Անցնող տարին Հայկին մոտեցրեց իր երազանքին, 2018-ը նրանն է լինելու
Այս օրերին երեխաներից շատերը նամակներ են գրում Ձմեռ Պապին, մեծահասակները մտովի ամփոփում են անցնող տարում արածն ու չարածը:
2017-ը յոթամյա Հայկին ավելի մոտեցրեց իր երազանքի իրականացմանը: Երեք շաբաթ առաջ են մայրիկի հետ վերադարձել Գերմանիայից: Այնտեղ 18-րդ ու 19-րդ վիրահատությունն են իրականացրել: Գերմանացի բժիշկները վստահ են, որ հաջորդ տարվա հուլիսի 2-ին կատարվելիք վիրահատությունից հետո Հայկը քայլելու է: Նրանք գոհ են առաջընթացից, Երևանում Հայկի պարապմունքների արդյունքներից:
«Ձմեռ պապիին գրել եմ, որ ինձ պիլոտի գլխարկ բերի: Երազում եմ քայլելու մասին: Մեծանամ՝ Ձմեռ պապիկ եմ դառնալու, բոլոր երեխաներին նվերներ բաժանեմ, բայց բարակ ձայնով եմ խոսելու»,-ասում է քիչ առաջ Ձմեռ պապի բամբ ձայնից վախեցած Հայկը:
Հիշեցնենք, որ նա ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև մանկական ուղեղային կաթված: Մայրը՝ Պայծառ Ներսիսյանը, չլսեց բժիշկների հորդորները, չհրաժարվեց նրանից:
«Մենք միասին մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նորածին Հայկի աչքերին նայելով՝ ասել էր Պայծառն ու գործի անցել:
Որդու հետ միայնակ մնացած մայրն իր ընկերների, բարի ծանոթ ու անծանոթ մարդկանց աջակցությամբ կարողացել է Հայկի քայլելու համար ուղի հարթել: Բոլոր 19 վիրահատություններն իրականացվել են հենց նրանց ֆինանսական ու այլ աջակցությամբ: Գերմանիայում նախատեսված վերջին երեք վիրահատությունների, օրթոպեդիկ նոր օրթեզների համար 22 հազար եվրո գումար է հարկավոր, որից 5 հազարն արդեն ունեն:
Հայկն արդեն կարողանում է քայլակի օգնությամբ քայլել: Հայկի մայրն էլ գոհ է իր ու որդու ցուցաբերած արդյունքներից.
«Ինչ ասել ենք, հերթով կատարում ենք: Հայկն արդեն դպրոց է գնում, կնքեցինք, հյուսն էլ կտրեցինք: Ես հավատում եմ, որ էլի կլինեն մարդիկ ովքեր կօգնեն մեզ վերջնական հաղթանակին հասնելու համար»:
Հայկը բացի հայերենից կարողանում է շփվել գերմաներենով, ռուսերենով: Անվախ, հումորով երեխա է: Ամեն անգամ վիրահատարան է մտնում առանց լացի ու վախի:
Պայծառն ասում է, որ մինչ Հայկի ծնվելը չէր ճանաչում ինքն իրեն, չէր էլ մտածում, որ այդքան ուժեղ է ու նպատակասլաց. «Ես շնորհակալ եմ աստծուն իմ այս փորձության համար: Շնորհակալ եմ, որ Հայկն այս տեսքով ինձ տրվեց: Ես ավելի շատ ինձ ճանաչեցի, թե ով եմ ես, ինչի եմ ընդունակ ու ինչ կարող եմ անել: Սա մեծ փորձություն էր, որը Փառք Աստծո, հաղթահարում ենք»:
Ամանորին ընդառաջ նրա մաղթանաքները խաղաղության, առողջության մասին են. «Պատերազմներ թող չլինեն, խնդիրներով մանուկներ չծնվեն, թող բոլոր մանուկները երջանիկ մանկություն ունենան: Շատ ողջունում եմ այն ծնողներին, հատկապես այն պապաներին, ովքեր չեն լքում ընտանիքը: Միասին են պայքարում: Կյանքում ամենակարևորը լավատեսությունն ու հավատն են: Դրանք դռներ են կոտրում, պրոբլեմներ, դրանց օգնությամբ սարեր կարելի է բարձրանալ: Այս դարում յուրաքանչյուր խնդիր իր չափով ունի լուծումը»:
Այս ընտանիքում վստահ են՝ 2018-ն իրենցն է լինելու, Հայկը քայլելու է: Նրանց մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին՝ 093 58 66 21 հեռախոսահամարին, դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,
դոլարով՝ 16046032978405,
եվրոյով՝ 16046032978406,
ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:
ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: