Օլիմպիադային մասնակցել ցանկացող ռուս մարզիկների հայտարարությունը
Ռուս մարզիկները հայտարարությամբ են հանդես եկել, որում բացատրել են 2018 թ. Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո մասնակցելու իրենց դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Յուրաքանչյուր մարզիկ երազանք ունի: Այդ երազանքի համար նա վաղ տարիքից ամեն օր մարզվում է, դրան հատկացնում իր ժամանակն ու ուժերը: Այդ երազանքը կոչվում է Օլիմպիական խաղեր: Չկա ավելի հուզիչ և նշանակալից բան, քան բարձրանալ պատվանդանի ամենաբարձր աստիճանին, լսել քո երկրի հիմնը և տեսնել՝ ինչպես է քո պատվին բարձրանում ազգային դրոշը»,- ասված է հայտարարությունում:
Մարզիկները նշել են՝ մեդալը պատկանում է ոչ թե ատլետին, այլ երկրի ողջ ժողովրդին, ապա իրենց պատրաստակամությունը հայտնել՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու՝ չնայած անգամ նրան, որ ստեղծված են անհավասար պայմաններ իրենց և մյուս երկրների մարզիկների համար:
«Մենք ցանկանում ենք հանդես գալ հանուն մեր հայրենիքի, մեր հարազատների ու մտերիմների, մեր նվիրված երկրպագուների, մեր ազգի համար»,-նշում են մարզիկները: Նրանք խոստացել են, որ իրենց յուրաքանչյուր հաղթանակ նվիրելու են Ռուսաստանին, և հպարտությամբ են ներկայացնելու իրենց երկիրը:
Ռուս մարզիկներն ընդգծել են՝ իրենք խաղում են մաքուր, օրենքներով, ձգտում են հաղթել ազնիվ պայքարում, և հանուն հաղթանակի պատրաստ են մասնակցել Օլիմպիական խաղերին: Մարզիկները շեշտել են՝ իրենց հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են ու անտեղի:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2018 թ. փետրվարի 9-ից 25-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն այլընտրանքային Օլիմպիական խաղեր կանցկացնի
- Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից