«NOKIA»-ին առաջարկվել է Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա ստեղծել
Առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։ Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր ընդունել է «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։
Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։
Նախարարին ներկայացվել են նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակները և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկել է Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։ Վահան Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու «NOKIA»-ի փորձը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում