Այսօր, առավել քան երբևէ, պետք է կարևորել խոսքի ազատությունը. Ռիչարդ Միլս
ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքն են հայտնել այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների ու հավասար հնարավորությունների խթանման դիրքերից:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, հանձնել է «Խիզախ կին» մրցանակը։
«Ճգնաժամերի և զինված հակամարտությունների ընթացքում է՛լ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, և հենց այս ժամանակներում է, երբ ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ վտանգված է իրենց սեփական կյանքը։ Անի Բալխյանն այդ քչերից էր, ով առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը՝ օգնելով շատերին դուրս պրծնել սիրիական հակամարտության գոտուց։ Նա խիզախ գտնվեց նաև դրանից հետո՝ Հայաստանում, երբ շարունակում էր օգնել Սիրիայից տեղահանված ընտանիքներին։ Պատիվ ունեմ Բալխյանին հանձնելու «Խիզախ կին» մրցանակը՝ մարդասիրական առաքելության, մարդկային կյանքեր փրկելու և փախստականների պաշտպանությունն առաջ մղելու իր բացառիկ նվիրվածության և Սիրիայից տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ուղղված նրա խիզախ քայլերի համար», - նշել է Բուզետտոն։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին հանձնել է «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան հանձնել է «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Վիգեն Քոչարյանը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում: Նրա ներդրումը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների խթանման, ինչպես նաև կառավարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ երկխոսության ամրապնդման գործում աննկատ մնալ չի կարող: Այս մրցանակը պրն. Քոչարյանի նման նվիրված քաղաքական գործչի աշխատանքը գնահատելու և ձեռք բերած հաջողություններն ի ցույց դնելու վառ ապացույց է: Եվրոպայի խորհրդի անունից ինձ համար պատիվ է այս մրցանակը հանձնել պրն. Քոչարյանին», - նշել է նա:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնել է «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային:
«Այսօր, առավել քան երբևէ, պետք է կարևորել խոսքի ազատությունը. դա է ազատ և ժողովրդավարական հասարակության հիմքը: Ինձ մեծ պատիվ է վերապահված հանձնել «Մեդիա գերազանցության» մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջև ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու ու դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետևողական աշխատանքի համար», - ասել է դեսպան Միլսը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը հանձնել է «Ազատության պաշտպան» մրցանակը. «Կրոնի կամ հավատամքի ազատության պաշտպանւթյունը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին պաշտպանության արժանի սկզբունք է, այլև քանի որ մենք վստահ ենք, որ այն հասարակությունները, որոնցում մարդիկ ազատ են արտահայտելու իրենց միտքն ու հավատամքը, ավելի կայուն են ու բարեկեցիկ: Ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա Ազատության պաշտպան մրցանակը ստանում է Իզաբելլա Սարգսյանը՝ ի գնահատումն բազմազանության, մտքի ազատության և կրոնական հանդուրժողականության խթանմանն ուղղված իր անխոնջ ջանքերի»։
Աղբյուրը հայտնում է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրել են «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը»: Այս մրցանակը, որը ֆրանս-գերմանական համաշխարհային նախաձեռնության մաս է կազմում, միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անձին, որը բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործում:
Մրացանակը ստացել է Գյումրիի «Ագաթ - հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում