Ճապոնացիներին հետաքրքիր կլինեն հայկական գինին, մեղրն ու մրգաչրերը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
Հայաստանն ու Ճապոնիան համագործակցության զարգացման լայն հնարավորություններ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին նշեց, որ հայ-ճապոնական դիվանագիտական արդեն 25-ամյա հարաբերությունների հիմք է դրվել 1988 թ.՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ առաջին անգամ Ճապոնիան փրկարարների խումբ ուղարկեց Հայաստան: Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցություն կա, սակայն միայն դա բավարար չէ, կան մի շարք ոլորտներ, որտեղ իրենք կցանկանային զարգացնել հարաբերությունները:
«Հայտնի է, որ Ճապոնիայից մեքենաներ են ներկրվում, նաև՝ սարքավորումներ, տեխնիկա, լավ կլինի՝ հետագայում հնարավորություն ընձեռվի նաև բժշկական սարքավորումների ու ինչ-ինչ այլ էլեկտրական սարքավորումների, տեխնիկայի մասերի ու նոր տեսակի նյութերի ներկրման, կարծում եմ՝ դա կհետաքրքրի հայկական շուկային: Հայաստանից արտահանելու առումով ճապոնացիներին հետաքրքիր կլինեն հայկական գինին, մեղրն ու մրգաչրերը»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Ճապոնիայում կազմակերպվող ամենամյա ֆուդ-էքսպոներից հաջորդին՝ 2018 թ., մասնակիցներ կլինեն նաև Հայաստանից, ովքեր կներկայացնեն գինի, մրգաչրեր, նաև մեղր, դա էլ հենց խթան կարող է հանդիսանալ հետագա արտահանման համար: Էյջի Տագուչիի խոսքով՝ ներդրումների ոլորտում, բացի վերոնշյալ ապրանքներից, հետաքրքրությունը մեծ կլինի նորարար տեխնոլոգիաների, տուրիզմի և գուցե գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ: Նա ընդգծեց՝ 2017-ը կարևոր տարի է, քանի որ երկու երկրների կառավարությունների միջև մոտ ապագայում կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր՝ համաձայնագիր, որը խթան կհանդիսանա ներդրումների ծավալի ավելացման համար:
«Այս համաձայնագիրը ոչ թե սահմանում է՝ որ ոլորտներում պետք է ներդրումներ կատարվեն, այլ ընդհանուր համաձայնագիր է, որը պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության ժամանակ, երբ Ճապոնիան ներդրում պետք է կատարի: Այն ավելի շատ ուղեցույց և ընթացակարգ է երկու կողմերի իրավունքների, պարտականությունների համար, որ ներդրողներն իմանան, գիտակցեն, վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է օրենսդրությամբ, այս պարագայում՝ համաձայնագրով»,- ասաց նա:
Դեսպանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Ճապոնիան ևս ԵՄ հետ համաձայնագիր է ստորագրել՝ տնտեսական համագործակցության համաձայնագիր, ու սա ևս մեկ նմանություն է և պատճառ, որպեսզի ԵՄ միջոցով Հայաստանն ու Ճապոնիան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրեն: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, որին անդամակցում է Հայաստանը՝ Տագուչին ընդգծեց՝ Ռուսաստանը Ճապոնիայի համար շատ կարևոր գործընկեր է, իրենք ռուսական շուկա ուղիղ մուտքի հնարավորություն ունեն, ուստի այս պարագայում միջնորդի կարիք այնքան էլ չկա, սակայն կարևոր է, որ Ճապոնիան շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ է թե ՌԴ, թե Հայաստանի հետ:
Նա անդրադարձավ նաև այլընտրանքային էներգիայի ստեղծման հարցին: Դեսպանը կարևորեց Հայաստանի կառավարության ջանքերը՝ արևային էներգիայի ստեղծման և ծավալների մեծացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ Ճապոնիայում մոտ 5 տոկոս է կազմում վերականգնողական էներգիայի ծավալը, այսինքն՝ այնքան շատ չէ, որքան թվում է: 2000-ականների սկզբից մինչ օրս Ճապոնիայում էլեկտրաէներգիայի ծավալների ծախսը քչացել է, այդ ուղղությամբ Ճապոնիայի կառավարությունում աշխատել են գիտնականների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան