Մեր մշակութային ժառանգությունը պետք է հանենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծաղրալի մրցակցության ճանապարհից. հնագետ
Եթե տասը տարի առաջ ՀՀ իշխանությունները փորձում էին Համաշխարհային բանկի հետ աղքատության հաղթահարման ծրագիր իրականացնել, ապա այսօր կարծես համակերպվում են փաստի հետ, որ աղքատությունը կենսակերպի անքակտելի մաս է կազմում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի՝ թանկացումների և աղքատ խավի մասին վերջին հայտնի դատողությունների՝ բանախոսը նկատեց՝ նրանց փիլիսոփայությունը նույնական է:
«Խոսքն այն մասին է, որ մենք ունենք աղքատության մշակույթ, ունենք աղքատներ, որոնք առանձնանում և տարբերվում են հասարակությունից: Սա շատ վատ է, կարծես հիշեցնում է միջնադարը, երբ աղքատությունը կենսընթաց էր»,- նշեց բանախոսը:
Համլետ Պետրոսյանի խոսքով, մարտադաշտի է վերածվում նաև մշակութային ժառանգությունը. մենք մեկ հաղթում, մեկ պարտվում ենք Ադրբեջանին:
«Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս կամ այն մշակութային ժառանգությունը ճանաչում է հայկական, մենք ցնծում և դա ներկայացնում ենք որպես մեր հաղթանակ: Նույն կերպ վարվում են նաև ադրբեջանցիները: Մինչդեռ մշակութային ժառանգությունը «Սմերչ» չի, որ դրանով հակառակորդին սպանենք: Մենք այսպես հասնում ենք շատ վատ սահմանագծի: Հայերին սազական չէ կրկեսի դերասան դառնալ: Մեր մշակութային ժառանգությունը պետք է հանենք այդ ծաղրալի մրցակցության ճանապարհից»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով Դադիվանքի պեղումներին՝ Համլետ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այնտեղ այս տարվա օգոստոսի վերջին շատ ընդարձակ պեղումներ են կատարել, հարավային պատի տակ խրամատի նմանությամբ 6 մ երկարությամբ տեղանք է հայտնաբերվել: Սակայն որևէ գտածո այնտեղ չի հայտնաբերվել: Փոխարենը մամուլում անհարկի լուրեր են տարածվել, որ այնտեղ զմռսված ինչ-որ բան է հայտնաբերվել: Նույնիսկ ոստիկանությունից են զանգահարել պեղող արշավախմբի անդամներին՝ հարցնելով գանձերի որոնման անհրաժեշտության մասին:
«Իրականում խրամատը 13-րդ դարի կառույց է, հավանաբար ծառայել է ջրահեռացման նպատակների»,- ամփոփեց Համլետ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան