Նախորդ տարում Հայաստանում վիրահատվել է 121 769 մարդ
Ստացիոնար բուժման նպատակով անցած տարի հիվանդանոց են ընդունվել 393 734 մարդ, 1 000 բնակչի հաշվով նրանք կազմել են 133.6: Հիվանդանոց ընդունվածների 19.1%-ը 0-14 տարեկան երեխաներն են: Նման տվյալներ է հրապարակեծ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հիվանդանոցային մահճակալի տարեկան միջին զբաղվածությունը կազմել է 240 մահճակալ/օր, իսկ մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը` 7.6 մահճակալ/օր: Կատարվել է 128 586 վիրահատություն, որի 10.1%-ը բաժին է ընկել 0-17 տարեկան երեխաներին, որի 86.0%-ը` 0-14 տարեկան երեխաներին: Վիրահատությունների 7.6%-ը կատարվել է էնդոսկոպիկ մեթոդով:
Վիրահատվել են 121 769 հիվանդներ, նրանցից 11 055-ը (9.1%) 0-14 տարեկան երեխաներն են, 1 705-ը (1.4%)` 15-17 տարեկան դեռահասները: Վիրահատություններից մահացել է 515 մարդ, նրանց 10.3%-ը կազմել են 0-14 տարեկան երեխաները: 2016թ. ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 393 385 մարդ (98.4%), մահացել` 5 509 մարդ (1.4%):
2016թ.-ին հիվանդության ժամանակ դիմել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններին բժշկական խորհրդատվության կամ բուժման համար հիվանդների 37.7%-ը, ընդ որում` այլ քաղաքներում բնակվողները (40.9%) և գյուղաբնակները (42.7%) ավելի հաճախ, քան երևանաբնակները` (31.2%):
Նախորդ տարվա համեմատ հիվանդներն ավելի քիչ են դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ ըստ տարածաշրջանների (2015թ.-ին այն կազմել է, համապատասխանաբար, 40.5%, 44.2%, 43.5% և 35.1%):
Բուժման նպատակով դիմածների տեսակարար կշիռն ըստ աղքատության մակարդակի տարբերվում է: Եթե հիվանդության դեպքում ոչ աղքատների 42.3%-ն է դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման, ապա աղքատների (առանց ծայրահեղ աղքատների)` 27.3% և ծայրահեղ աղքատների` 17.4%-ը:
Ըստ ԱՎԾ-ի, պոլիկլինիկական բուժհիմնարկների մասնագետներին դիմած հիվանդների 42.4%-ի մոտ ախտորոշվել է հիպերտոնիա: Վերջին այցի ժամանակ էլեկտրակարդիոգրաֆիա անցել են դիմած հիվանդների 33.8%-ը, իսկ խոլեստերինը ստուգվել է դիմած հիվանդների 28.0%-ի մոտ: Առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է` 51.6% և ֆինանսական վատ վիճակը` 21.2%: