ՄԻԵԴ վճիռը Ադրբեջանին ուղղված հերթական «իրավական ապտակն» էր. «Առավոտ»
«Առավոտ»-ը վերլուծականում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկվա վճռին՝ գրել է. «ՄԻԵԴ-ը մասնակիորեն բավարարեց «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների գումարային փոխհատուցման հայցը: Պահանջվող մոտ 8 միլիոն եվրոյի դիմաց յուրաքանչյուր հայցվորին տրվել է 5000 եվրո նյութական և բարոյական փոխհատուցում` գումարած դատական ծախսերը: Այս գումարը կարելի է համարել ինչ-որ առումով սիմվոլիկ ու Ադրբեջանի իշխանությունների մաքսիմալիստական մոտեցման ձախողում։
…Մի բան պետք է հստակ ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը քաղաքական, իրավական, թե այլ հարթությունում հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Այս վճռի՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում իրականացման գործընթացում արդեն իսկ անխուսափելի է դառնում Արցախի մասնակցությունը, որը կարող է դառնալ միջազգային գործընթացի սուբյեկտ։
Իսկ Ադրբեջանի մոտեցումն է՝ բոլոր հարթակներում վիճարկել Արցախի սուբյեկտիվության հարցը և այդ նպատակով օգտագործում է նաև «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում նշվում է, որ Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս հասկացությունը, որը միանշանակ չի ընդունվում և դեռ փաստարկման կարիք ունի, վճռում կիրառվում է զուտ Կոնվենցիայի կիրառման տեսակետից, և չի կարող որևէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կամ ապագա քաղաքական կարգավիճակի վրա:
Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների իրականացման հավանականությունը ներկա ռազմաքաղաքական իրավիճակում բավական փոքր է, իսկ վճիռների իրականացման հետագա հնարավոր քննարկումները արդյունավետ կարող են լինել միայն Արցախի պատշաճ ներգրավմամբ: ՄԻԵԴ վճիռների արժանահավատությունը պահպանելու համար հարկավոր է լուրջ վերաբերվել դրանց: Հայտնի է, որ ներկայումս Ադրբեջան-Եվրոպայի խորհուրդ հարաբերություններում առկա ճգնաժամը հետևանք է հենց Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճռի անտեսման:
Ավելացնենք նաև, որ եթե Ադրբեջանը իրականում մտահոգված է փախստականների իրավունքների վերականգմամբ, ավելի լավ կլինի, որ նավթային դոլարներն ուղղի նրանց սոցիալական խնդիրների լուծման և ոչ թե ռազմական ծախսերի մեծացման ուղղությամբ, որն էլ ավելի է սրում տարածաշրջանային լարվածությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում