Երուսաղեմի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է խաղալ «խալիֆի» դերը
Օսմանյան սուլթանները XIV դարից ի վեր հավակնել են խալիֆի տիտղոսին, որի կրողը համարվում էր մարգարե Մուհամեդի ժառանգորդը և ամբողջ մուսուլմանական համայնքի առաջնորդը: Խալիֆայության ինստիտուտը վերացվել է միայն 1924թ.` Քեմալ Աթաթյուրքի բարեփոխումների շրջանակներում:
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ ԶԼՄ-ներում ներկայացվում է որպես օսմանյան սուլթանական ավանդույթները վերականգնող, ավտորիտար առաջնորդ, որը քայլ առ քայլ հետ է բերում Աթաթյուրքի կատարած փոփոխությունները: ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո` Էրդողանը փորձում է խաղալ նաև իսլամական խալիֆի դերը: Ավանդույթի համաձայն խալիֆը հանդիսանում է սուրբ քաղաքների, մասնավորապես` Մեքքայի և Մեդինայի պահապանը: Երուսաղեմը մահմեդականների համար ևս սուրբ քաղաք է, թերևս նշվածներից հետո կարևորությամբ երրորդը: Ահա մերօրյա «խալիֆը» մեծ խանդավառությամբ ձեռնարկել է Երուսաղեմի պաշտպանության գործը` հարցին տալով կրոնական բնույթ:
Էրդողանի նախաձեռնությամբ այսօր Ստամբուլում գումարվել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով, որի թեման է քննարկել Երուսաղեմի խնդիրը: Համաժողովին ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը «առ ոչինչ» է, և կոչ է արել բոլոր երկրներին Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք: Նա կրկին Իսրայելին անվանել է «ահաբեկիչ երկիր», սակայն չի խոսել Իսրայելի հետ կապերը խզելու մասին, ինչը նա սպառնացել էր անել նախքան Թրամփի հայտարարությունը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ասել է, որ ԱՄՆ-ն այլևս որակազրկվել է խաղաղ գործընթացում դերակատարություն ունենալու համար և ավելացրել, որ ԱՄՆ-ը ցույց է տվել ի շահ Իսրայելի իր կողմնապահությունը:
Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցող սակավաթիվ պետությունների ղեկավարների շարքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանը, որը հայտնի է Իսրայելի հետ ունեցած սերտ համագործակցությամբ, ԱԳ նախարարության մակարդակով հարցի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ «Ադրբեջանը սատարում իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորումը և աջակցում է հարցի երկու-պետություններով լուծմանը` Արևելյան Երուսաղեմը որպես պաղեստինյան պետության մայրաքաղաք»:
Ինչ արձագանքներ կունենան Էրդողանի կրոնական երանգավորմամբ դիվանագիտական ջանքերը, մասնավորապես` Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու կոչը, պարզ կդառնա առաջիկայում: Դրան արդեն արձագանքել է ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը` նշելով, որ այդ «դիրքորոշումը չի համապատասխանում մեր դիրքորոշմանը»:
Հեղինակ՝ Աննա Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան