Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին մի շարք դրական իրողություններ են ուրվագծվում հայկական կողմի արտաքին և քարոզչական քաղաքականության օրակարգն ակտիվացնելու տեսանկյունից: Այս համատեքստում, կարելի է առանձնացնել առնվազն 3 ուղղություն, որոնց իրացումն անհերքելիորեն կնպաստի հայկական շահերին միաժամանակ տարբեր հարթություններում՝
1. Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ակտիվացած միջազգային քննարկումներում քաղաքի Արևելյան հատվածում հայկական դարավոր ներկայության, պատմամշակութային հարստության վերաբերյալ պարբերական շեշտադրումների անհրաժեշտություն, որոնց մասին պետք է բարձրաձայնվի հնարավորինս չեզոք տեքտային ձևակերպումներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կարևորման համատեքստում՝ ընդգծելով բացառապես հայկական կողմի մտահոգությունները խաղաղ բնակչության, քաղաքի պատմամշակութային, կրոնական հարստության և հատկապես հայ համայնքի ու եկեղեցական կառույցների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներն, անհերքելիորեն, դրական նշանակություն կունենան նաև Հայաստանի միջազգային իմիջի և PR-ի համար՝ հերթական անգամ ընդգծելով մեր երկրի ու ժողովրդի հազարամյակների պատմությունն ու անուրանալի դերը Քրիստոնյա աշխարհում:
2. Իսրայելի դեմ ակտիվացած համամուսուլմանական արշավի և դրանում Ադրբեջանի ակամա, բայց և բավական սահմանափակ մասնակցության համատեքստում նպատակաուղղված քարոզչական գործունեության անհրաժեշտություն՝ ընդգծելու համար Բաքվի կեղծ մտահոգություններն ու մասնակցությունը մուսուլմանական աշխարհի ամենազգայուն խնդիրներից մեկի՝ Երուսաղեմի հիմնախնդրի հետ կապված գործընթացներին: Այս ուղղությամբ գրագետ և թիրախային քայլերը կարող են էական խնդիրներ առաջացնել մի կողմից Ադրբեջան-Իսրայել համագործակցության հարցում, մյուս կողմից՝ Ադրբեջան-մուսուլմանական երկրներ հարաբերություններում՝ մանևրելու հավելյալ խնդիրների առջև կանգնեցնելով Բաքվի վարչակարգին:
3. Հաշվի առնելով հակաիսրայելական տարաբնույթ գործընթացներում Թուրքիայի իշխանությունների առաջատար դերակատարությունը, կտրուկ և սպառնալիքներով հագեցած հռետորաբանությունը՝ Իսրայելում, որպես լուրջ պատասխան քաղաքական հակաքայլ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին միտված նպատակային գործողություններին նաև իսրայելահայ համայնքի ներգրավմամբ նպաստելու գործելաոճ: Իսրայելական իշխանություններին ահաբեկչության և անմեղ բնակչության սպանության մեջ թուրքական իշխանությունների պարբերական հայտարարություններին ի պատասխան ամենածանրակշիռ քայլը կարող է լինել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հ.Գ. Հատկապես վերջին ուղղության տեսանկյունից Իսրայելում ձևավորվել է բավական բարենպաստ միջավայր: Այսպես, իսրայելական ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում նշել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող Ռեջեփ Էրդողանն իրավունք չունի Իսրայելին բարոյականություն քարոզելու: «Եթե այսօր մենք լինեինք իշխանության, ապա առաջին քայլերը, որ կանեինք՝ կճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, ամբողջությամբ կթաղեինք Թուրքիայի հետ համատեղ գազամուղ կառուցելու գաղափարը, ինչպես նաև՝ կաջակցեինք անկախ Քրդստանի ստեղծմանը»: Հարկ է նշել, որ «Յեշ Ատիդ» կուսակցությունը կրկին Կնեսեթ է վերադարձնելու նախկին պատգամավոր Արյե էլդադի հեղինակած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ի դեպ, նախկինում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հիմնական նախաձեռնողը Մերեց կուսակցությունն էր, ինչը նշանակում է, որ այս առումով գործընթացի աջակիցների շրջանակն ավելի է ընդլայնվում:
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է խաղալ «խալիֆի» դերը
- Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը մեծ խաղի մի մասնիկ է. Տիգրան Շադունց
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
- Արաբները որպես բողոքի նշան աղոթել են Երուսաղեմի փողոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան