Գործատուները ողջունում են տոնական օրերը կրճատելու որոշումը
Ոչ աշխատանքային օրերի կրճատումը Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Կառավարության օրակարգում ընդգրկված հարցին՝ հունվարի 3, 4, 5-ն աշխատանքային դարձնելու վերաբերյալ:
Մակարյանը նշեց, որ հատուկ հաշվարկ է արել՝ բոլոր այդ տոն օրերն ու սգո, հիշատակի օրերը միասին տարվա կտրվածքով 20-21 օր են կազմում, այսինքն՝ գրեթե մեկ ամիս ոչ աշխատանքային է: Մեկ ամիս հերթական արձակուրդն էլ գումարելով՝ երկու ամիս է դառնում ոչ աշխատանքային: Ըստ Մակարյանի՝ տարբեր կարծիքներ կան, որ դա խանգարում է միայն, որ այսօրվա մեր տնտեսական վիճակում ավելի լավ է աշխատել, բայց ինքը մեկ այլ պարզ հաշվարկ է արել:
«Մենք 11 ամսում, եթե հաշվենք, որ մեկ ամիսը չենք աշխատում, ստեղծում ենք 10,5 մլրդ ՀՆԱ, մեկ ամսվա ՀՆԱ-ն մոտավորապես կազմում է 900 մլն: Հիմա ես հաշվել էի՝ եթե մենք այդ տոներին ընդամենը 5-6 օր աշխատենք, ՀՆԱ-ի լրացուցիչ՝ մոտ 3-4 տոկոսով ավելացման պահուստային հնարավորություն ենք ունենում: Եթե այդ թվաբանությունը կատարեք, կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում: Ես պետական պաշտոնյաներին էլ եմ ասել, իրենք միարժեքորեն համաձայնել են: Ասել եմ՝ ձեր գրպանում դուք ունեք ՀՆԱ-ի աճի հնարավորություն, որ չեք օգտագործում, որը կարելի է կտրել այդ օրերից»,- ասաց նա:
Մակարյանի խոսքով՝ եթե Կառավարությունը հունվարի ազատ օրերից արդեն մի քանիսը հանի, ինքն էլ աշխատի, նաև մասնավոր հատվածը, այդ 3-4 օրվա աշխատանքով մենք միանգամից ՀՆԱ-ի մեջ էական տարբերություն կունենանք՝ պլանավորված 5 տոկոսին կգումարվի մի 2-3 տոկոս, այսինքն՝ տեսականորեն կարելի է հաշվարկել, որ 7 տոկոսի աճ կարող ենք ունենալ: Դա ազդեցություն կունենա նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասնաբաժնի վրա: Ըստ Մակարյանի՝ եթե հիմա այդ ցուցանիշը մոտ 3.5 00 դոլար է, այն էականորեն՝ մի քանի հարյուր դոլարով կավելանա, երկրում կավելանա նաև տնտեսական ակտիվությունը: Գործատուների միության նախագահը նշեց, որ ՀՆԱ-ի աճը կբերի նաև բյուջեի աճի հնարավորություններ, Հայաստանի տնտեսական ցուցանիշները կբարելավի, Կառավարության հանդեպ վստահությունը կավելանա, որոշակի դրական ցուցանիշներ կարձանագրվեն:
Ճշտող հարցին՝ գործատուները միանշանակ կո՞ղմ են այս փոփոխությանը՝ նա արձագանքեց. «Այո, ուղղակի կառավարությունը հիմա տոների հաշվին է կրճատում արել, իր համար դա է հեշտը, իրենք դեռ մյուս բլոկից չեն կարողանում կրճատել»:
Գործարար Վահրամ Միրաքյանը ևս դրական է գնահատում այս փոփոխությունը: Նա նշեց, որ այս կերպ հնարավոր կլինի խուսափել այդ օրերին երկրի պարալիզացումից: «Ինձ օրինակ են բերում, ասում են՝ ստրուկի պես եթե աշխատում ես, գոնե մի քանի օր պետք է հանգստանաս և այլն: Հիմա իրավիճակները տարբեր են, մեկը կա՝ ստրուկի պես է աշխատում, մեկն էլ կա՝ նորմալ է աշխատում: Տնտեսական տեսանկյունից, ենթադրենք, դու գործարք ունես արտասահմանի հետ, պետք է գործարքային պարտավորություններդ կատարես, պետք է փոխանցում անես ապրանքի համար, որ ասենք ամսի 10-ին գա և այլն: Տարբեր հարցեր կան, բայց այդ ընթացքում պարալիզացվում է երկիրը, ոչ մի բան չես կարողանում անել»,- ասաց նա:
Միրաքյանը նշեց, որ այդ օրերին դրսի հետ միշտ խնդիր են ունենում: Նախորդ տարի, օրինակ, Ֆրանսիայի հետ աշխատանքային հարցեր կային, Ֆրանսիայում ընդամենը երեք օր էին ազատ և չէին հասկանում՝ ինչու է Հայաստանում 10 օր ոչ աշխատանքային: Գործարարն ընդգծեց՝ զուտ տնտեսական տեսանկյունից այս որոշումը դրական է, երկիրը չի պարալիզացվում: Նա նշեց, որ փոփոխությունն անպայման ինչ-որ ազդեցություն կունենա, թեկուզ՝ ոչ միանգամից, ապա հավելեց, որ տնտեսության վրա ազդող շատ անուղղակի բաներ կան, որոնք չեն հաշվում:
«Օրինակ՝ ես հիշում եմ՝ հաշվարկ էին արել, թե խցանումները որքանով են վնասում ԱՄՆ տնտեսությանը, ու մի քանի միլիարդանոց թիվ էր եղել: Մեքենաները դանդաղ են գնում, դրա հաշվին աշխատողը այսքան ուշանում է, արդյունքում տնտեսությունը վնաս է կրել, Մոսկվայում էլ մի քանի միլիարդի վնաս էին տվել խցանումները, այդ թվաբանությունն էլ կար: Հայաստանում ոչ ոք նման հաշվարկներ չի անում»,- ասաց նա: Միրաքյանը մասնավորեցրեց՝ Հյուսիս –հարավ ճանապարհին տասը տարի է երթևեկությունը 50 կմ/ժ արագության տակ է դրած կամ Երևան-Գյումրին, օրինակ՝ 30 կմ/ժ, և դա վնաս է տալիս տնտեսությանը. բեռնափոխադրումը դանդաղ է կատարվում, պրոցեսները դանդաղ են գնում, սակայն մեզ մոտ անուղղակի պրոցեսները, որոնք ազդում են տնտեսության վրա, չեն հաշվարկում, արդյունքում էլ չենք տեսնում՝ ինչ ենք կորցնում:
«Ես հասկանում եմ, որ թեմային մարդու առաջին էմոցիոնալ վերաբերմունքն այն է, թե՝ բայց ինչու՞ ես շատ աշխատեմ, միայն այդ տեսանկյունից չի կարելի նայել, պետք է գլոբալ նայել: Մարդուց էլ է գալիս, օրինակ՝ ես հանգստանալ չեմ սիրում, աշխատել եմ սիրում, ու ինձ նման շատ մարդիկ կան իմ շրջապատում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան