Յուրաքանչյուր բուհ պետք է բաց լինի ուսանողների շարժունակության համար. Լևոն Մկրտչյան
Հայաստանում ուսանողների թիվը շուրջ 90 000 է, գործում են 60-ից ավելի համալսարաններ: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շրջանակում դեկտեմբերի 13-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն քննարկումներ են եղել և պետական, և մասնավոր բուհերի ռեկտորների խորհրդում, այնուհետև կլինեն հանդիպումներ ՀԿ-ների հետ և հանրային խորհրդում:
«Մինչև դեկտեմբերի 20-ը կլինեն քննարկումներ, որից հետո կամփոփվի և կներկայացնենք կառավարություն: Օրենքը շատ լուրջ հիմնադրույթներ է պարունակում իր մեջ, այն արմատական փոփոխություն է բերում բարձրագույն կրթության փիլիսոփայության մեջ: Սկզբունքային կարևոր մի հարց կա այստեղ՝ կենտրոնում ուսանողն է, որը պետք է բակալավրական կրթության համար ստանա, ասենք, 250 միավոր, և դա պետք է ստանա ազատ շրջագայության միջոցով»,- ասաց նա:
Մկրտչյանի խոսքով՝ արմատական փոփոխություն է տեղի ունենալու ֆինանսավորման համակարգում՝ լիարժեք հավասարություն է լինելու ոչ պետական և պետական համակարգերի միջև: Փորձ է արվելու գնալ մեկ այլ ձևաչափի՝ ունենալ նախաբակալավրիատ. դրանք մասնագիտական բակալավրիատներն են՝ փորձ է արվելու սինթեզել իրար միջին մասնագիտականն ու կարճաժամկետ բակալավրիատը, որից հետո երիտասարդը կկարողանա ստանալ կոնկրետ մասնագիտություն: Նախարարի գնահատմամբ՝ սա իսկապես հեղափոխական նշանակություն ունեցող օրենք է, որից հետո 3 տարի ժամանակ են տալու բուհերին՝ կամաց-կամաց փոփոխություններ իրագործելու համար:
Նա նշեց, որ պետպատվերի համակարգը պետք է դառնա կրթաթոշակների համակարգ, ակադեմիական ազատությունների ձևն է փոխվելու: «Հայաստանը կարող ենք դիտել որպես մեկ համալսարան, և յուրաքանչյուր բուհ պետք է բաց լինի ուսանողների շարժունակության համար, ուսանողը պետք է կարողանա իր միավորները վաստակել ոչ միայն համալսարանում, այլ նաև գիտական հաստատություններում ու բիզնեսում»,- ասաց նա:
Օրենքն, ըստ նախարարի, երկու համակարգ է դնում՝ մասնակի և ամբողջական կրթություն, դնում են նվազագույն և առավելագույն շեմեր՝ չորսից վեց տարի, բայց աշխատելու պարագայում ուսանողն, ըստ էության, հնարավորություն ունի երեք տարում լրացնել ուսումը, բայց նաև հնարավորություն կա ուսումնառության ընթացքը մինչև ութ տարի երկարաձգել: Մկրտչյանը նշեց, որ թիրախային հաջորդ խնդիրն իրենց քաղաքականությունն է ուսանողների սոցիալական վիճակի ուղղությամբ. ամբողջությամբ փորձելու են փոխել պետպատվերի համակարգը, անցնել կրթաթոշակային համակարգին: Այսինքն՝ ուսանողը հնարավորություն է ունենալու կենտրոնացված ձևով քննությունները հանձնել, ստանալ սերտիֆիկատ, որից հետո դիմել կրթաթոշակ ստանալու համար:
Կրթաթոշակ ստանալիս երեք կարևոր բաղադրիչ է դեր խաղալու՝ սոցիալական վիճակը. նախարարին անհանգստացնում է այն, որ աղքատության շեմին մոտ կանգնած մի ստվար զանգվածի ներկայացվածությունը կրթական համակարգում քիչ է, երրորդ բաղադրիչը նպատակային տեղերն են, որպեսզի ավարտելուց հետո ուսանողները կարողանան պետության ուղեգրով աշխատել: Նախարարը նաև կարևորեց հաշվետվողականությունն ու կառավարման համակարգը:
«Պետք է հավասարակշռվի ռեկտոր-գիտխորհուրդ-բուհի խորհուրդ եռանկյունին, այդ հավասարակշռությունը պետք է իջնի ֆակուլտետի մակարդակ: Ըստ էության՝ արմատապես փոխվում է վերաբերմունքը բուհական խորհուրդների նկատմամբ: Դրանում պետք է ներառվեն պրոֆեսիոնալներ և մեկենասներ, ովքեր պետք է աշխատեն հենց իրենց առաքելության շրջանակներում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները