Նալբանդյանը փակագծեր է բացել Վիեննայի հանդիպումից
Հունաստանում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է հրապարակել Վիեննայում դեկտեմբերի 6-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ:
«Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստան պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում»,-ասել է ԱԳ նախարարը:
Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:
«Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով առաջիկա հանդիպմանը , Նալբանդյանն ասել է, որ համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում:
«Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ։ Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշևիչ. Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին
- Հակամարտության լուծման հետաձգումը էլ ավելի կբարդացնի իրադրությունը. Մինսկի խմբի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան