Բաղմանյանը շուտ էր ուզում դուրս գար բանակից, դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի. Սեյրան Սարոյան
ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի՝ պաշտոնից հեռանալն անակնկալ չէր։ Լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։
«Բաղմանյանը դեռ շուտ էր ուզում դուրս գար բանակից։ Դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի։ Ընենց որ... Էս անգամ նախարարն էր ասել։ Երևի թազա կադրեր, թազա մարդիկ կան»,- եզրակացրեց գեներալը։
Երբ լրագրողները Սեյրան Սարոյանին հիշեցրեցին, որ Բաղմանյանը հեռացվել է չարաշահումների համար, պատգամավորը զարմացավ. «Նրա ձեռն ի՞նչ կա, որ ինչ չարաշահում աներ, ի՞նչ չարաշահում պտի աներ Բաղմանյանը։ Մարտական պատրաստականության համար պատասխանատու մարդը ի՞նչ պտի առներ, ինչի՞ց առներ։ Բա մեր դրսի ընգերեն ինչի՞ համար են։ Շքեղ մեքենան նրան Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել։ Որ գեներալ չլնեինք, կարողա գրող էլ չտային։ Մարդիկ տեսել են, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք, մեր ընգերներն ամեն հարցում մեզ պաձերժկա են արել»,-ասաց գեներալ պատգամավորը։
Իսկ ինչու այդ դեպքում հեռացավ ՊՆ համակարգից, հետաքրքրվեցին լրագրողները։
«Դե էդքան տարի ծառայել ա, խոմ Բաղմանյանն էկրաթից չի՞։ Ես մի բան գիտեմ. Բաղմանյանը լավ ծառայել ա, ապրիլյան պատերազմին միշտ առաջին գծում կայնածա էղե։ Ընենց որ, եթե էգուց, Աստված չանի, Բաղմանյանն էլ, ես էլ, գեներալ Մանվելն էլ, սաղս էլ էթալու ենք»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը։
Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ «Ընտիիր, շատ մոտ ենք։ Ի՚՞նչ բիզնեսին խփել։ Մի հատ ինձ նայեք, ինձ ո՞վ կարա թողնի կամ չթողնի օղի արտահանել։ Սամվել Ալեքսանյանը ձեթ ծախողա, ձեթը թանկացել ա՞։ Չէ, էլ ինչ եք ուզում։ Ինքը բիզնես չունի, իրա էրեխեքն են, ինքը խորհուրդ ա տալիս էրեխեքին, չլսեցի՞ք, երեկ ասեց։ Ով չի իմանանում, որ ինքը բիզնես ունի։ Հիմա չի զբաղվում ինքը, բայց դիրեկտորներ ունի, էս ունի, հազար մարդ ունի, կնիկն ունի, էրեխեքն ունեն, իրա էրեխեքը սաղ գրագետ էրեխեք են՝ Անգլիա ավարտած։ Սամոյից լավ չե՞ն ղեկավարի»։
Գեներալ պատգամավորից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք հավատում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կապ ունի Նորքի զինված հանցախմբի հետ։
«Դե լավ, ամոթ ա։ Ըտենց բան չկա։ Սեյրանն ըտենց բան ո՞նց կանի»,- զայրացավ Սեյրան Սարոյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թե ինչ թերացումներ են եղել, չեմ կարող ասել». նախարարը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
- Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի. «Ժամանակ»
- Գեներալ Մանվելը փորձել է բարեխոսել Հայկազ Բաղմանյանի համար, բայց ապարդյուն. «Հրապարակ»
- Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը ՀՀ նախագահի որոշումն է, որի շուրջ կարծիք ունենալ չեմ կարող. Դավիթ Տոնոյան
- Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով է զորացրվելու մասին զեկուցագիր ներկայացրել