Ամանորյա տոնական օրերը կկրճատվեն. Կառավարությունը հավանություն տվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը հայտնեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից: Այսպիսով, 2019թ-ի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կլինեն աշխատանքային:
«Առարկություն չկա՞»,- կառավարության անդամներին հարցրեց վարչապետը: Նախագծին դեմ հանդես եկողներ չեղան: Վարչապետն ավելացրեց. «Այս Նոր տարին ավելի գիտակցաբար կանցկացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնական օրերը քիչ են լինելու»:
Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զարgացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Նախագծի ընդունումը, ըստ հիմնավորման միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան