ՀՀ Նախագահը ԵՄ հետ վիզաների ազատականացումը կանխատեսում է 2-3 տարի հետո
Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը ԵՄ հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից առանձին գործընթաց է։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ուզում եմ, որ բոլորին հասկանալի լինի՝ նոր համաձայանագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը, կամ, ինչպես Դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումն այլ գործընթաց է»,- նշել է երկրի ղեկավարն ու հավելել. «Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայամանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը»:
Անդրադառնալով հարցին, թե երբ կսկսվի և կավարտվի բանակցային գործընթացը, նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին, կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին»: