Սերժ Սարգսյան. Պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները
«Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս», - «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով ԶԻնված ուժերում բարեփոխումենրի մասին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է երկրի ղեկավարը։
Խոսելով այս տարվա բանակը բարեփոխելու յոթամյա ծրագրի անհրաժեշտության մասին մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բարեփոխումները Զինված ուժերում մշտական ու շարունակական են, իսկ ժամկետի սահմանումը պայմանավորված է մի շարք գործոններով։
«Բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը, և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: Սա մեկ, որը շատ կարևոր է։ Երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ որ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, և ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիոսփայությունն է մի քիչ փոխվում»,- ասել է երկրի ղեկավարն ու հավելել. «Մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաև որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար և դրա հնարավորությունները կան»:
Նախագահը նաև իր կարծիքն է հայտնել օրերս «Global Military» ինդեքսի վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանն համարվել է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը և աշխարհի երրորդը։ Հարցին, թե դա Ձեզ չի՞ մտահոգում, քանի որ Հայաստանը դառնում է բանակ-պետություն, երկրի ղեկավարը պատասխանել է. «Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ դա մեր թերությունն է՝ իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք, որ ռազմականացված պետություն, առաջին տպավորությունը այն է՝ փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել: Այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. Օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով, դա արդեն մի քիչ այլ բան է, քան ռազմականացվածը գոնե մեր պատկերացումներով: Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը»:
Ամփոփելով խոսքը՝ հանրապետության ղեկավարը նշել է. «Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Ղարաբաղյան խնդիր կարգավորման որևէ նոր առաջարկ չի ներկայացրել
- ՀՀ նախագահ. Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները բավարար չեն
- Սերժ Սարգսյան. Աշխատավարձի աճը գերազանցում է գնաճին
- ՀՀ Նախագահը ԵՄ հետ վիզաների ազատականացումը կանխատեսում է 2-3 տարի հետո
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
- Սերժ Սարգսյան. Հայաստան Եմ համաձայնագիրը՝ առողջ տրամաբանության հաղթանակ
- Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին