Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հայտարարում է երկու նոր ծրագրի մեկնարկի մասին: Դեկտեմբերի 14-ին տուն-թանգարանում գործարկվեց «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղը և ներկայացվեց նոր հուշանվերների շարքը։
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 50-ամյա թանգարանի երկու նոր ծրագրերը մատչելի կդարձնեն թանգարան այցելությունը: «Այս ծրագրերն, իհարկե, նպատակ ունեն ընդլայնելու մեր լսարանը: Ծրագրերից առաջինն ինտերակտիվ խաղ է, որը ստեղծվել է տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի աշխատակիցների կողմից: Սրանից հինգ տարի առաջ մենք հասարակությանը ներկայացրեցինք «Վիրտուալ դիրիժոր»-ը: Այս հինգ տարիների ընթացքում դիտարկեցինք, որ իրոք նմանատիպ միջոցներն ընդլայնում են մեր լսարանը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, և այս դարի այցելուի պահանջներն այլ են»,- ասաց նա:
Օթարյանի խոսքով՝ նոր ինտերակտիվ խաղն ուսուցողական է, այն այցելուին հնարավորություն կտա Սպենդիարյանի տուն-թանգարանում շրջելուց, կոմպոզիտորի կյանքին, ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալուց հետո ստուգել՝ որքանով է ինքը ճանաչում նվագախումբը, տեղյա՞կ է՝ ինչ գործիքներ են այնտեղ ներգրավված, որ գործիքի տեղը նվագախմբում որտեղ է: Օթարյանը նշեց, որ երկրորդ ծրագիրը նույնպես նորարարություն է տուն-թանգարանի պատմության մեջ, այն է՝ հուշանվերների վաճառք: Հայաստանում առաջին երաժշտական թանգարանից՝ հիսունամյա տուն-թանգարանից այցելուները կարող են հեռանալ՝ իրենց հետ տանելով հուշանվերներ:
Տուն-թանգարանի ցուցափեղկում այցելուներին են սպասում 50 հուշանվերներ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության դեմքը: «Կարծում եմ՝ այցելուն շրջելուց և այդ դրական զգացողությունները ստանալուց հետո այստեղից մի փոքր հուշանվեր կտանի՝ իր սիրելիների և հարազատների համար»,- ասաց թանգարանի տնօրենը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով առաջինը ձեռք բերեց թանգարանի հուշանվերներից, կարևորեց նորարար այս ծրագրերը: Նախարարի գնահատմամբ՝ սա անչափ կարևոր նշանակություն կունենա նաև օտարերկրյա այցելուների, զբոսաշրջիկների համար: «Կարևոր է, որ այցելուն թանգարանի մի շոշափելի մասն իր հետ տանի իր երկիր, իր բնակավայր, իր բնակարան, որպեսզի այս հուշանվերն իրեն նորից հետ բերի թանգարան, այնպես որ շատ գովելի և շատ ուրախալի է, գեղեցիկ և հրաշալի հուշանվերներ են»,- ասաց նա:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը մասնակցեց նոր ինտերակտիվ խաղին, փորձեց ղեկավարել վիրտուալ նվագախումբը: Հարցին՝ ո՞րն է ավելի հեշտ՝ իրական նվագախմբի հետ աշխատել, թե վիրտուալ, նա պատասխանեց, որ առաջին անգամ է վիրտուալ նվագախումբ «ղեկավարում»: «Այս թանգարանը պատմական տեղ պիտի դառնա: Սա նորություն է, ոչ թե սովորական մի թանգարան, ուր եկար, նայեցիր, գնացիր: Նոր մի բան պիտի կատարվի, որ այցելուները նորից ու նորից ցանկանան վերադառնալ այստեղ»,- ասաց նա: