Պատրաստի բնակարանի փոխարեն՝ բնակարանի գնման վկայագրեր
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ լուծել են զոհված ու առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը:
«Նախատեսում էինք, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, և գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար: Այսինքն՝ մենք ուղղակի «կառիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման, և բնակարանի գնման վկայական տրամադրելու համար», - նշեց պաշտպանության նախարարը:
Նախագծի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում կիրականացվի 587.260,0 հազ.դրամ արժեքով 51 բնակարանների ձեռքբերում և 912.740,0 հազ.դրամ արժեքով 172 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում: