Վարչապետը հանձնարարեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համայնքներում, տնտեսական ակտիվությանը զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։
Նրա խոսքով՝ նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Վարչապետը նշեց նաև, որ ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց սահմանել հսկողություն գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում