Գրեմմիի հայ հավակնորդները՝ հաղթանակին ընդառաջ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Առիթը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացված լինելն էր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բամաթիվ բարձրաստիճան հյուրեր, արվեստագետներ, դեսպաններ:
Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ մեր հայրենակիցներից շատերն են մասնակցել և Գրեմմիի արժանացել: Նախարարը նշեց, որ Աստված մարդկանց արվեստի չափաբաժինը շատ տարբեր է բաշխում, դրա համար մեծ մասը հանդիսատես են, մյուս մասն էլ արվեստագետներ:
«Մեզ մնում է հուսալ, որ մեր միավորված սրտերը և ցանկությունները անպայման իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է Գրեմմի մրցանակ՝ երկու սիրելի մաեստրոներին»,- ասաց նա: Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ հուզիչ է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ իրար կողք կանգնելը՝ հանուն Հայաստանի ու հայ մշակույթի:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կոլեգաներիս, քանի որ իրենք են ընտրում հավակնորդներին: Ներկայացված ցիկլը գրված էր Դմիտրի Խվորոստովսկու համար, նա երազում էր ձայնագրել այս ցիկլը նվագախմբի հետ, ես ուրախ եմ, որ մենք դա կարողացանք անել»,- ասաց նա:
Տիգրան Մանսուրյանն անկեղծացավ, որ հուզված է, նշեց, որ այս իրադարձությունն ինքնին նշանակալի է՝ Գրեմմիի են ներկայացվել միաժամանակ երկու հայ երաժիշտ՝ երկու տարբեր ստեղծագործական ճանապարհին այս ամենին հասած երաժիշտ: «Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Իմ կողքին են նաև այդ մրցանակին սպասող ևս չորս հոգի»,-ասաց նա:
Մանսուրյանը նշեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ ներկայացված է Գրեմմիի: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորեց Գրեմմիի հայ մրցանակակիրներին՝ իրենց ձեռքբերումների համար: Դեսպանը նշեց՝ կարծես Սուրբծննդյան առավոտը լինի այս գեղեցիկ տոնածառի մոտ: «Այսօր մեծարում ենք երկու հանճարեղ երաժիշտների, և դա մեզ համար մեր Սուրբծննդյան նվեր է: Այս երաժիշտները ներկայացնոմ են երեք հզոր մշակույթների, հասարակությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգում
- Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ Գրեմմիի հավակնորդներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան