«Քարանձավի մարդիկ». սրտեր ջերմացնող սարոյանական ներկայացում Հայաստանում
Ամերիկահայ հռչակավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի մտքի ու տաղանդի դրսևորումները հայ հանդիսատեսին ներկայացնելու գովելի նախաձեռնությամբ է հանդես եկել «Գոյ» թատրոնը: Վերջինս, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, բեմադրել է «Քարանձավի մարդիկ» պիեսը, որն հայ հանդիսատեսի դատին է ներկայացվում հենց տոների նախօրեին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
«Վիլյամ Սարոյանը, լինելով ամերիկյան ու հայկական աշխարհների կրողը, հստակ գիտակցում էր, որ մենք բոլորս կապված են միմյանց հետ՝ անկախ մեր ծագումից: Այս պիեսում Սարոյանը շեշտում է, որ կարեկից սիրտը մարդկանց չի լքում նույնիսկ մութ ու դժնդակ պահերին», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Պիեսի հերոսները մի քանի այլաբերական կերպարներ են, ովքեր հանգրվանել են թատրոնի լքված շենքում, որը շուտով քանդվելու է: Եվ ահա այդ գորշ պայմաններում մարդու հոգին իրապես ջերմացնում են սենտիմենտալիզմի դրսևորումները, որոնք նաև մեզ բոլորիս հիշեցնում են մեր ընդհանուր մարդկային ակունքների մասին:
«Այս ներկայացումը նվիրվում է սիրո և բարության փողհար Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին: Սեր և բարություն, որն այդքան անհրաժեշտ է այսօր աշխարհին: Քաղաքակրթության այս դաժան իրողության մեջ, քանդման ենթակա անմարդաբնակ քարանձավում, անպետք հռչակված մարդիկ չեն չարացել և հուսահատվել: Նրանց կոչումն է կյանքը: Նրանց քարոզը սերն է: Եվ սերն արձագանքում է - երեխա է ծնվում: Երիտասարդները գտնում են իրար», - ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
Նշվում է, որ ներկայացումները տեղի կունենան նաև դեկտեմբերի 16-ին և 19-ին: «Քարանձավի մարդիկ» ներկայացումը կներառվի «Գոյ» թատրոնի մշտական խաղացանկում: