ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
Եվրամիության և Հայաստանի միջև կնքված կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հանձնառությունն օժանդակելու ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր գործառույթն իրականացնելու: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Փաստաթղթում հաստակորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առաջարկել է: Երեք սկզբունքներն այնտեղ առկա են, ձևաչափն առկա է, Եվրամիության հանձնառությունը կա: Ներողություն, ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ այդտեղ, որպեսզի մարդիկ կասկած չհայտնեին այս փաստաթղթի օգտակարության և շատ կարևորության մասին: Ես կարծում եմ, որ սա այս փաստաթղթի կարևոր դրույթներից մեկն է»,-ընդգծել է նախագահը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանականություններին՝ նախագահը նշել է, որ առանց շփման գծում տիրող իրավիճակի կայունացման, բանակցություններ վարելն անհնար է:
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով: Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության»,-ասել է նախագահ Սարգսյանը: