Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ցույցերը կազմակերպել է Էրդողանի մտերիմներից մեկը. Deutsche Welle
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, գումար է տրամադրել Գերմանիայում գտնվող «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը զենքերի գնման, բողոքի ակցիաներ կազմակերպելու և Էրդողանի գերմանաբնակ ընդդիմախոսներին՝ այդ թվում և քրդերին հետապնդելու համար։ Այս մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ, Մեթին Քյուլյունքը հովանավորել է նաև «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցեր կազմակերպելու համար:
Գերմանիայի իրավապահ մարմինները թուրք գործչի և հանցավոր խմբավորման միջև կապը բացահայտել են վերջինիս մի շարք անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելուց հետո:
«Օսմանցի գերմանացիներ», ըստ իրավապահ մարմինների, երկար ժամանակ է կասկածվում են հանցավոր գործունեության և խախտումներ իրականացնելու մեջ։ Ըստ մի շարք հաշվարկների՝ խմբավորումը Գերմանիայում ունի 2500 անդամներ։
Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրն անդրադառնալով տարածված տեղեկատություններին, ասել է, որ Էրդողանը «դեռևս Գերմանիայից հեռու չի քաշել իր ձեռքերը»: