
Սվիտալսկին՝ Հայաստանում «բիզնես միջավայրի բարելավման» մասին
Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ասոցիացիան հիմնադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ վերջին երկու տարիներին Ասոցիացիային հաջողվել է հսկայական աշխատանք իրականացնել, մասնավորապես, արվել են մի շարք առաջարկություններ, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը:
«Մենք հույս ունենք, որ այդ բարեփոխումները շատ շուտով իրենց արդյունքը կտան»,- ասաց նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան:
Նրա խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին և առաջիկա 10 և ավելի տարիների համար լինելու է իրավապայմանագրային հիմք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացնելու առումով: Բացի այդ, տարբեր ոլորտներում հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել՝ վերցնելով Եվրոպական փորձը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան