Զինծառայության մասին ՀՀ նոր օրենքը հզոր հենասյուն է. եվրոպացի պաշտոնյա
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին Հայաստանին համարում է կենտրոնի լավ բարեկամը: Այս մասին նա հայտարարեց «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեած միջազգային սեմինարի ժամանակ:
Նա կարևորեց պաշտպանության ոլորտում քաղաքացիական վերահսկողությունը, որը ենթադրում է նաև խորհրդարանական բաղադրիչ:
«Խորհրդարանական վերահսկողության գործում անխոս անհրաժեշտ են սահմանադրական դրույթներ և մեխանիզմներ: Խորհրդարանական վերահսկողությունը համագործակցային գործընթաց է, որը բավական նման է սիմֆոնիկ նվագախմբին: Ճիշտ հնչողության համար բազմաթիվ գործիքներ են անհրաժեշտ: Մենք պետք է խորհրդարանին լիազորություններ տանք, որպեսզի այն կարողանա վերահսկողության որոշակի աստիճան ապահովել: Խորհրդարանին պետք է օժտել հետաքննական մեխանիզմներով, ապահովել հատուկ աշխատակազմով, ներդրումներ կատարել պատգամավորների շրջանակում, որպեսզի նրանք ի վիճակի լինեն վերահսկողական գործառույթներ յուրացնել և իրականացնել»,- նշեց Ֆիլիպ Ֆլուրին:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարը շեշտեց, որ զինծառայության մասին ՀՀ նոր օրենքը շատ լավ հենասյուն է, որի վրա վստահորեն կարող է հենվել խորհրդարանը:
Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործում եռամիասնություն է անհրաժեշտ՝ ունակություն, հավակնություն և լիազորություն: Բաղադրիչներից գոնե մեկի բացակայությունը թույլ չի տա անհրաժեշտ որակի վերահսկողություն սահմանել:
Վերջում Ֆիլիպ Ֆլուրին ափսոսանք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն Երևանում այլևս գրասենյակ չունի:
Հարակից հրապարակումներ`
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- 18 տարեկանից զինծառայության անցնելուն վերաբերող օրինագիծը շուտով կդրվի քննարկման
- 18 տարեկանից պարտադիր զինծառայության անցնելու վերաբերյալ պատգամավորների օրինագիծը դարձյալ հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան