Սալմա Հայեքը պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին անվանել է «ագրեսիվ հրեշ»՝ նշելով, որ նա սեռական ոտնձգություններ է արել և սպառնացել, եթե հրաժարվի: Այս մասին գրում է BBC-ին:
Սալմա Հայեքը New York Times-ի իր սյունակում գրել է, որ մի անգամ նույնիսկ Վայնշտեյնն ասել է. «Ես կսպանեմ քեզ, չկասկածես, որ կարող եմ»:
Դերասանուհին նշել է, որ երկար տարիներ լռել է՝ կարծելով, որ իր խոստովանությունը ոչինչ չի փոխի, և իր ձայնն այնքան էլ կարևոր չէ:
«Մենք ի վերջո գիտակցում ենք այն չարիքը, որն ընդունված է մեր հասարակությունում, որը նվաստացնում ու վիրավորում էր ինձ նման միլիոնավոր մարդկանց, աղջիկների, քանի որ յուրաքանչյուր կնոջ մեջ աղջիկ կա»,- նշել է դերասանուհին:
Սալմա Հայեքը գրել է, թե պրոդյուսերը «Ֆրիդա» ֆիլմի նկարահանումների ժամանակ սեռական բնույթի ինչ առաջարկներ է արել: Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանումից հետո էլ ստիպված է եղել մերժել պրոդյուսերի՝ իր հետ լոգանք ընդունելու, մերսում անելու, մեկ այլ կնոջ հետ հարաբերություն ունենալու մասին առաջարկները:
Վայնշտեյնի ներկայացուցիչ Հոլի Բեյրդը պնդել է, որ Հայեքի հայտարարությունները հակասական են:
Նշվում է նաև, որ մի շարք դերասաններ, այդ թվում ` Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն Վայնշտեյնին մեղադրել են ոտնձգության մեջ: Վայնշտեյնն էլ իր հերթին հերքել է բոլոր մեղադրանքները և ասել, որ սեքս եղել է միայն փոխադարձ համաձայնությամբ: