Քիչ հավանական է, որ Թուրքիան մինչև 2018-ի գարուն վերանայի իր դիրքորոշումը. թուրքագետ
Թուրքական կողմը կեղծում է իրականությունը, երբ հայտարարում է, որ մեղավոր չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը, որով հայկակական կողմին համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու մեղադրանք է ներկայացվում։
Թուրքագետի խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ վիժեցնելով վավերացման գործընթացը։
«Այսինքն՝ թուրքական կողմն է շեղվել այն համաձայնություններից, որոնք ձեռք էին բերվել Շվեյցարիայում։ Թուրքական կողմն ըստ էության մի բան ասում է, ոբոլորովին այլ բան՝ անում։ Ասում է, որ հավատարիմ է հայ-թուրքական հարաբերություններին, սակայն նաև նշում է, որ Արցախյան խնդիրն իր համար կարևորագույն նշանակություն ունի։ Այնպես որ, ես լուրջ չեմ ընդունում թուրքական կողմի հայտարարությունը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց, որ թուրքական կողմը մինչև 2018 թվականի գարուն վերանայի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։ Թուրքագետի համոզմամբ, այդ երկրին դժվար թե սթափեցնի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեկտեմբերի 13-ին Աթենքում ցյուրիխյան արձանագրությունների մասին արված հայտարարությանը:
«Նալբանդյանն ասել է, թե Թուրքիան է պատասխանատու այդ Արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այս պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցելու համաշխարհային հասարակական կարծիքը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Անկարան նշել է, թե Թուրքիան հետամուտ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
- Նալբանդյան. Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների
- Շավարշ Քոչարյան. Հենց Թուրքիան է փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
- Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա