«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ հանդիպմանն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
«Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել:
Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը և ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար հանդես գալ ընդդեմ թուրքական ժխտողականության. Շարմազանով
- Հայաստանում և Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանով
- ՀՀ դեսպանը և Եգիպտոս|ի առողջության նախարարը այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին