Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան
«Այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։ Բակո Սահակյանն ընդգծել է նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում:
Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է այսօր Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ:
Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա:
«Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը», - ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև: