Սաակաշվիլին Պորոշենկոյին առաջարկել է հանդիպել՝ տեսախցիկների ներկայությամբ
Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է հանդիպել՝ տեսախցիկների ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է Կիևում՝ Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով ցույցի ժամանակ: Սաակաշվիլին նշել է, որ երկխոսությունը կարող է լինել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցի շուրջ:
«Ուկրաինան հզոր ապագա ունի: Ցավոք, վերջին տարիներին օլիգարխները հաղթում են հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և որոշ եվրոպական երկրներում: Նրանք կանգնեցնում են պետական զարգացումը: Ուկրաինան օլիգարխների ձեռքում գերի է, մենք պարտավոր ենք երկիրն ազատել նրանցից»,- հայտարարել է նա:
Սաակաշվիլին նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ արյունահեղությունից խուսափելու համար: