Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է. «Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:
Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»:
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի. ՀԺ
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
- Աջ ղեկով մեքենաները դեռևս չեն արգելվի. «Ժողովուրդ»
- Ահարոնյան. Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա