Թոմաս Շրապել. Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել ԵՄ և ԵԱՏՄ հարաբերությունների միջև
Առիթ եմ ունեցել բազմիցս նշելու, որ Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել ԵՄ և ԵԱՏՄ միությունների փոխհարաբերություններում և կարևոր դերակատարություն ունենալ առ այն, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ և մասնավորապես նաև ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից էլ Հայաստանը կնքեց ԵՄ հետ համաձայնագիրը: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դոկտոր Թոմաս Շրապելը:
«Բացի այն, որ Հայաստանը էական դերակատարում կարող է ունենալ, նաև շատ մեծ նշանակություն ունի այս երկու միությունների հետ համագործակցությունը այն առումով, որ Հայաստանը կիսաշրջափակված իրավիճակում է գտնվում: Իսկ այս բազմավեկտոր համագործակցությունը հնարավորություն կտա, որպեսզի այդ իզոլացված վիճակից դուրս գա»:
Թոմաս Շրապելի խոքով, Հայաստանը շատ լավ հարաբերություններ կարող է ունենալ և՛ ԵՄ-ԵԱՏՄ, և՛ Հայաստան-ԵՄ, և՛ Հայաստան ԵԱՏՄ համագործակցության ձևաչափում:
«Ինչու ոչ, Հայաստանը կարող է նաև կարևոր դերակատարություն ունենալ խորհուրդներ տալու ուղղությամբ, երբ խոսքը գնում է օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի բարելավելու մասին: Իհարկե խոսքն այն մասին է, որ երբ ԵՄ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առնչությամբ խորհդի կարիք ունենա, ապա Հայաստանը կարող է օգնել այդ հարցում: Այդ տեսանկյունից Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ-ի համար»,- նշեց հիմնադրամի Հվ. Կովկասի գրասենյակի ղեկավարը:
Անդրադառնալով համաձայնագրում ԼՂ հակամարտության կարգավորման անդրադարձին, Շրապելը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ելքը կլինի բացառապես փոխզիջումների արդյունքում:
«Իսկ թե ինչպիսի տեսք կունենա այդ փոխզիջումը արդեն երկու կողմերը երկուստեք կորոշեն համաձայնության արդյունքում: Բայց միևնույն ժամանակ, մենք կողմ ենք, ինչպես նաև բոլորն են դրա կողմնակիցը, որ հակամարտության կարգավորման պետք է հասնել միայն ու մայն խաղաղ ճանապարհով, և ինչպես նշեցի, փոխզիջումներով»,- նշեց նա: