Շարքային Նարեկ Ադիբեկյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
Քննչական կոմիտեից հայտնում են. «Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող՝ ծնված 1998թ., ինչպես նաև՝ շարժառիթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայող Ն. Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
- Համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել