Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Ինչպես հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՀ հայաստանյան գրասենյակը հետաքրքրված է հարկային վարչարարության ծրագրերով
- Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ
- ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի
- Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը. Սերժ Սարգսյան
- ԱՄՀ կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վատացել են
- Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը