«Եթե փոփոխություն չեք ուզում, այլ՝ շոու, այո, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, լավ թեմա կլինի»
«Ելք» դաշինքը, նախագահի թեկնածու առաջադրելով, փորձում է ցույց տալ, որ կարող է իշխանությանը հակակշիռ լինել և պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ղեկավարելու երկիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանն ընդգծեց՝ իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, ունեն համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, «որ ունենք մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել»:
«Կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: Իսկ թե գործընթացներն ինչպես կստացվեն՝ հաջողված, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք» դաշինքի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար»,- ասաց նա:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում պարզ դառնա՝ իրո՞ք ընդդիմադիր ուժ է «Ծառուկյան» դաշինքը, թե ոչ: Արամ Սարգսյանն ի պատասխան նկատեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որի արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, ինքը պետք է ապացուցի: Այսօր գործընթաց է գնում, մենք դիմել ենք «Ծառուկյան» դաշինքին, իրենք ԱԺ-ում որպես ընդդիմադիր խմբակցության բոլոր հնարավորություններից օգտվում են, հետևաբար փաստացի մեր երկրի օրենքներով իրենք ընդդիմադիր են: Դա իրենց որոշելու խնդիրն է՝ կպաշտպանեն մեր թեկնածուին, թե այլ մեկին: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն իսկապես արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»:
Հարցին՝ հնարավո՞ր է «Ելք»ը միանա «Ծառուկյան» դաշինքին, և որոշեն միասին դառնալ այլընտրանք, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ «Ելք»-ն ուզում է այլընտրանք լինել իշխանությանը՝ ներգրավելով ՀՀ ողջ հանրությանը, բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանությունից:
«Մենք մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը: Մենք առանձին կուսակցությանն ասում ենք՝ մեր թեկնածուին առաջադրել ենք, խնդրում ենք՝ նայեք ինչքանո՞վ է հնարավոր, որ մեր թեկնածուին սատարեք: Այստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ, գտնում եմ ոչ ճիշտ և ոչ նպատակահարմար: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե այս երկրում փոխոխություն եք ուզում: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, լավ թեմա կլինի»,- նշեց Արամ Սարգսյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր իրենք «Ծառուկյան» դաշինքին չեն առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: «Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որն անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոփոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը, Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը չի կարող երաշխավորել Ծառուկյանի մասով, ինքը կարող է միայն տղամարդավարի երաշխավորել Արտակ Զեյնալյանի համար:
Հարակից հրապարակումներ`
- «Չեմ բացառում, որ ՀՀ նախագահի պաշտոնում սատարենք ՀՀԿ թեկնածուին». Գևորգ Պետրոսյան
- «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
- «Ծառուկյան» դաշինքը չի հասցրել քննարկել «Ելք»-ի առաջարկը. Էնֆիաջյան
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին
- ԲՀԿ-ի օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա. Իվետա Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան