Միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, ոչ թե գործերը տեղաբաշխում են նրանց մեջ. Կոստանյան
«Դատական օրենսգրքում փոփոխություններով, երբ Երևանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն ունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան, Նոր Նորքի տարածքում տեղի ունեցած խուլիգանության գործը կարող է մակագրվել, օրինակ, Աջափնյակի դատավորին, բայց արդյո՞ք սա չի նշանակում, որ սա նոր խնդիրներ կբերի»,- Այսօր ԱԺ-ում ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
«Արդյոք սա չի՞ նշանակում, որ դատավարության մասնակիցները, ասենք 30-40 վկա, տուժողներ, որոնք Նոր Նորքի բնակիչ են, գործի քննության համար պետք է ամեն օր գնան հասնեն Աջափնյակ: Իսկ չներկայանալու դեպքում գործերը պետք է հետաձգվեն: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ողջամիտ ժամկետը հակառակ էֆեկտը չի ստանում և զուտ սոցիալական տեսակետից գործի մասնակիցները պետք է սիստեմատիկ դատավարության ընթացքում գնան հասնեն այլ վարչական շրջանի դատարաններ»,- դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին՝ ասաց պատգամավորը։
Փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Նոր Նորքից Աջափնյակ հասնելու մեջ խնդիր կա ու մեր քաղաքն էլ այդքան մեծ չի, որ դա որպես պրոբլեմ դիտենք: Այսօր մարզերում ավելի լուրջ խնդիր կա, երբ անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի ներկայությունը: Անձի համար ավելի ձեռնտու է, որ իր գործն արագ քննվի, քան տարիներով չքննվի, բայց ինքը Նոր Նորքից չհասնի Աջափնյակ»:
Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Փոխանակ մարզի հարցերը լուծենք, Երևանն էլ հասցնում ենք մարզի պրոբլեմի մակարդակին, դա անընդունելի է։ Իրականում միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, ոչ թե գործերը տեղաբաշխում են դատավորների մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանի դատավորների քանակը պետք է ավելացնենք. Զեյնալյան
- Դատավորների թիվը պետք է ավելանա. արդարադատության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա