Հունաստանի հատուկ ծառայությունները քննում են սուպերմարկետներում սննդի թունավորման մասին սպառնալիքները
Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը սկսել է քննել համացանցում հայտնված սպառնալիքները՝ սուպերմարկետներում եղած սնունդը թունավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Մասնավորապես, անարխիստները մտադիր են մի քանի սննդատեսակներ թունավորել աղաթթվով և դրանք տեղադրել Աթենքի ու Սալոնիկի տարբեր սուպերմարկետների ցանցերի դարակներին։
Խոսքը Coca Cola-ի, Coca Cola light-ի, որոշ ընկերությունների երշիկեղենի և կաթնամթերքի մասին է։ Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են աղաթթուն ներարկիչի օգնությամբ լցնում մթերքների մեջ։
Անարխիստները նմանօրինակ սպառնալիքներով հանդես եկել էին նաև 2013-ին և 2016-ին։